Ստանալ օզոնային շերտը քայքայող նյութերի և հիդրոֆտորածխածինների ներմուծման լիցենզիա

Օզոնային շերտը քայքայող նյութեր և հիդրոֆտորածխածիններ ՀՀ ներմուծելու համար անհրաժեշտ է ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունից ստանալ անհատական չափաքանակ (քվոտա)։

Քվոտա ստանալու հայտը նախարարություն հնարավոր է ներկայացնել էլեկտրոնային փոստի միջոցով։

Օզոնային շերտը քայքայող նյութեր և հիդրոֆտորածխածիններ ՀՀ ներմուծելու թույլտվություն ստանալու հայտ ներկայացնելու համար անհրաժեշտ է պահանջվող փաստաթղթերն ուղարկել նշված էլեկտրոնային հասցեին` minenv@env.am:

 

Պահանջվող փաստաթղթերը

Նշված էլ․ փոստի հասցեին անհրաժեշտ է ուղարկել հետևյալ փաստաթղթերը՝

  • հայտ,

  • իրավաբանական անձինք` պետական գրանցման վկայականի պատճենը, իսկ ֆիզիկական անձինք` անձը հաստատող փաստաթղթի պատճենը:

Ծառայության մատուցումը մերժելու հիմքերը

Հայտը մերժվում է, եթե՝

  • երկիրը, որտեղից արտահանվելու են օզոնային շերտը քայքայող նյութերը, չի հանդիսանում Մոնրեալի արձանագրության (դրա համապատասխան ուղղման) կողմ,

  • տվյալ տարվա համար սահմանված` օզոնային շերտը քայքայող նյութերի ընդհանուր չափաքանակն սպառվել է:

 

Տրամադրման ժամկետը և կարգը

Անհատական չափաքանակների սահմանումը իրականացվում է հիմնական և լրացուցիչ փուլերով։ 

Ներմուծողն անհատական չափաքանակների սահմանման հիմնական փուլում չափաքանակ ստանալու համար հայտը պետք է ներկայացնի մինչև հաշվետու տարվան նախորդող տարվա հոկտեմբերի 30-ը: Ժամկետի ավարտից հետո 30 օրվա ընթացքում ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունն ընդունում է հետևյալ որոշումներից մեկը`

  • բավարարել հայտն ամբողջությամբ և տրամադրել անհատական չափաքանակ,

  • բավարարել հայտը մասնակիորեն և տրամադրել անհատական չափաքանակ,

  • մերժել անհատական չափաքանակի տրամադրումը:

Նախատեսված ժամկետի ավարտից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում լիազոր մարմինը հայտատուին գրավոր տեղեկացնում է հայտի վերաբերյալ ընդունված որոշման մասին։

Անհատական չափաքանակների սահմանման լրացուցիչ փուլն իրականացվում է, եթե ներմուծման ընդհանուր չափաքանակը չի սպառվել անհատական չափաքանակների սահմանման հիմնական փուլի ավարտից հետո:

Չափաքանակները տրամադրվում են հիմնական փուլի համար նախատեսված կարգով, բացառությամբ հայտերից յուրաքանչյուրի վերաբերյալ որոշումների ընդունման ժամկետի: 

 

Անհատական չափաքանակների սահմանման լրացուցիչ փուլում յուրաքանչյուր հայտը ներկայացնելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում ընդունվում է նախատեսված որոշումներից մեկը: Որոշումն ընդունելուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում անձը գրավոր տեղեկացվում է հայտի վերաբերյալ ընդունված որոշման մասին:

Ներմուծողն անհատական չափաքանակների սահմանման լրացուցիչ փուլում չափաքանակ ստանալու համար հայտը կարող է ներկայացնել հիմնական փուլի ավարտից հետո` մինչև հաշվետու տարվա հոկտեմբերի 1-ը ներառյալ կամ ընդհանուր չափաքանակի սպառումը: