1971 թվականի փետրվարի 2-ին Իրանի Ռամսար քաղաքում ընդունվեց ‹‹Միջազգային կարևոր նշանակություն ունեցող խոնավ տարածքների, հատկապես` որպես ջրային թռչունների բնակավայր›› Ռամսարի կոնվենցիան: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան 2021 թվականի 75/317 բանաձևով պաշտոնապես հաստատեց փետրվարի 2-ը որպես ՄԱԿ-ի կողմից նշվող Խոնավ տարածքների համաշխարհային օր։ Ռամսարի կոնվենցիան խոնավ տարածքներ է ճանաչում բնական կամ արհեստական, ժամանակավոր կամ մշտական ճահիճները, խրուտները, տորֆավայրերը կամ ջրատարածքները՝ լճացած կամ հոսող, քաղցրահամ, աղիավուն կամ աղի, այդ թվում՝ նաև ծովային տարածքները, որոնց խորությունը տեղատվության ժամանակ չի գերազանցում վեց մետրից:
Այսօր Կոնվենցիային միացել է 172 երկիր, Ռամսարի տարածքների թիվը 2520 է, իսկ նրանց ընդհանուր մակերեսը՝ 253084219 հեկտար: Հայաստանը միացել է Ռամսարի կոնվենցիային 1993 թվականի նոյեմբերի 6-ին, դառնալով 70-րդ անդամակցող երկիրը։ Հայաստանն այժմ ունի երեք Ռամսարի տարածք՝ Սևանա լիճը, Արփի լիճը և Խոր Վիրապի ճահիճը։
https://www.ramsar.org/
Բնապահպանական օրացույց
Մարտի 3-ն ամբողջ աշխարհը նշում է որպես Վայրի բնության համաշխարհային օր /World Wildlife Day/։ Օրվա ընտրությունը կապված է 1973թ.ի հետ։ Այդ տարի մարտի 3-ին ընդունվեց անհետացման եզրին գտնվող վայրի կենդանական ու բուսական աշխարհի տեսակների առք ու վաճառքը կարգավորող կոնվենցիան։ Վայրի բնության համաշխարհային օրը ևս մեկ անգամ ընգծում է բնության անգնահատելի դերը մարդու կյանքում և կոչ է մարդկությանը ևս մեկ անգամ ուշադրություն դարձնելու վայրի կենդանական ու բուսական աշխարհի պահպանությանը։ Բնության նկատմամբ հոգատար վերաբերմունքը պետք է դառնա մեր առօրյա կյանքի ու գործունեության անքակտելի մասը։ Մենք պարտավորված ենք հաջորդ սերունդներին փոխանցել անխաթար բնաշխարհ։

Ամեն տարի մարտի 18-ին նշվում է Թափոնների վերամշակման միջազգային օրը, որի նպատակը մարդկանց հիշեցնելն է՝ որքան կարևոր է շրջակա միջավայրի պահպանությունը և աղբին երկրորդ կյանք տալը։ Վերամշակումը օգնում է նվազեցնել աղբի քանակը, խնայել բնական ռեսուրսները և պայքարել կլիմայի փոփոխության դեմ։ Թափոնների վերամշակման օրը լավ առիթ է մտածելու մեր ապրելակերպի մասին և նպաստելու աղբի խելացի տեսակավորմանը։
Ամենամյա տոն, որը նվիրված է անտառների պահպանությանը։ Հռչակվել է 2012 թվականի դեկտեմբերի 21-ին ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի որոշմամբ և առաջին անգամ նշվել 2013 թվականի մարտի 21-ին։ Անտառների միջազգային օրն ստեղծվել է որպես գլոբալ հարթակ, որը նպաստում է անտառի պահպանությանը և կլիմայի գլոբալ փոփոխության հետևանքների մեղմացմանը: Անտառների պահպանումն ու ավելացումը շատ կարևոր է մեր մոլորակի համար, քանի որ դրանց հատումը նպաստում է ածխածնի համաշխարհային արտանետումների աճին։

Ամեն տարի մարտի 22-ին ՄԱԿ-ի հաստատություններից մեկը նշանակվում է համակարգող ամբողջ աշխարհում Ջրի համաշխարհային օրվա շրջանակներում միջոցառումներ անցկացնելու համար: Ջրային ռեսուրսների բազմակողմանիությունը ներկայացնելու նպատակով ամեն տարի ջրի օրվան նվիրված միջոցառումները անցկացվում են նոր թեմաներով:
Մեր առօրյան կախված է ջրից: Սակայն մարդկանց գիտակցության մեջ ջրի նշանակության կարևորությունը ընկել է: Ջուրը դարձել է սպառողական ապրանք, որը մենք շատ հաճախ անտեսում ենք:
Աշխարհի տարբեր շրջաններում ջրի հանդեպ վերաբերմունքը և նրա օգտագործման ձևերը տարբերվում են և կախված են մշակութային ավանդույթներից, տեղական սովորույթներից և հասարակական արժեքներից:
1961 թվականից Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության (ՀՕԿ) նախաձեռնությամբ մարտի 23-ը նշվում է որպես Համաշխարհային օդերևութաբանական օր։ Հայաստանի Հանրապետությունում այն նշվում է նաև որպես Օդերևութաբանի օր՝ համաձայն ՀՀ կառավարության 2004 թվականի հունիսի 3-ի N 936-Ն որոշման։
Օրվա նպատակն է ընդգծել օդերևութաբանական ծառայությունների կարևոր դերը եղանակի, կլիմայի և ջրային ռեսուրսների մոնիթորինգի, կանխատեսումների, ինչպես նաև վաղ նախազգուշացման համակարգերի զարգացման և հանրության անվտանգության ապահովման գործում։
https://public.wmo.int/en

Երկրի ժամը համաշխարհային բնապահպանական նախաձեռնություն է, որը նշվում է ամեն տարի մարտի վերջին շաբաթ օրը՝ ժամը 20:30-ից 21:30։ Այդ ընթացքում աշխարհի միլիոնավոր մարդիկ, կազմակերպություններ և քաղաքներ մեկ ժամով անջատում են լույսերը՝ ի նշան շրջակա միջավայրի պահպանության։
Նախաձեռնությունը մեկնարկել է 2007 թվականին Ավստրալիայում՝ Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) կողմից, և կարճ ժամանակում դարձել է գլոբալ շարժում՝ միավորելով ավելի քան 190 երկրներ։ Երկրի ժամի նպատակն է բարձրացնել հանրային իրազեկվածությունը կլիմայի փոփոխության, էներգիայի խնայողության և բնական ռեսուրսների պատասխանատու օգտագործման կարևորության վերաբերյալ։ Այն ոչ միայն խորհրդանշական գործողություն է, այլև կոչ՝ վերանայել մեր առօրյա սովորությունները և անցնել ավելի կայուն ապրելակերպի։
Օրվա շրջանակում ամբողջ աշխարհում մարվում են նաև հայտնի շենքերի և տեսարժան վայրերի լուսավորությունները, կազմակերպվում են իրազեկման միջոցառումներ, ակցիաներ և հանրային նախաձեռնություններ։
Ամեն տարի մարտի 30-ին նշվում է Առանց թափոնների միջազգային օրը, այն սահմանվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից 2022 թվականին և առաջին անգամ նշվել է 2023-ից։
Օրվա նպատակը կայուն սպառման և արտադրության խթանումն է, թափոնների առաջացման նվազեցումը և շրջանաձև տնտեսության գաղափարի տարածումը։ Այն նաև միտված է բարձրացնելու իրազեկվածությունը թափոնների կառավարման կարևորության մասին՝ հատկապես կլիմայի փոփոխության, կենսաբազմազանության կորստի և շրջակա միջավայրի աղտոտման համատեքստում։
Օրվա շրջանակում տարբեր երկրներում անցկացվում են իրազեկման արշավներ, կրթական ծրագրեր և նախաձեռնություններ, որոնք ուղղված են ավելի պատասխանատու և ռեսուրսախնայող վարքագծի ձևավորմանը։

1906թ. ապրիլի 1-ին ստորագրվել է թռչունների պահպանության մասին Միջազգային կոնվենցիան:
1600թ.-ից թռչունների մոտ 100 տեսակ անհետացել է մոլորակից: Ներկայումս էլ թռչունների շատ տեսակներ կանգնած են անհետացման շեմին, կամ էլ լավագույն դեպքում զգում են անհետացման վտանգը:
Շատ երկրներ չվող թռչունների պահպանման վերաբերյալ ունեն օրենքներ և մասնակցում են միջազգային համաձայնություններին: Թռչունների համար լուրջ վտանգ են հանդիսանում ոչ թե որսորդները, այլ մարդկային գործունեության բավականին ՚‹‹խաղաղ›› տեսակները` երկնաքերերը, հեռուստաաշտարակները և այլ բարձրահարկ շինությունները, որոնք մահացու արգելքներ են չվող թռչունների համար: Նավթի արտահոսքը ծովերում կործանում է բազմաթիվ ծովային թռչունների:
Ոչ պակաս լուրջ վտանգ է նաև միջավայրի աղտոտվածությունը:
Երկրաբանի օրը երկրաբանների մասնագիտական տոնն է, որն ավանդաբար նշվում է ապրիլի առաջին կիրակի օրը: Այն սահմանվել է ԽՍՀՄ-ի Գերագույն Խորհրդի Նախագահության հրամանով 1966թ. մարտի 31-ին ի հիշատակ խորհրդային երկրաբանների նվաճումների:
Կարծիք կա, որ տոնն անցկացնելու համար ընտրվել է ապրլի կիրակին այն պատճառով, քանի որ ապրիլի կեսին հաճախ կազմակերպվում են երկրաբանական արշավներ: Երկրաբանի օրը նշվում է նախկին Խորհրդային Միության բոլոր երկրաբանական և արդյունահանող կազմակերպություններում: Բացի երկրաբաններից այս օրը մասնագիտական տոն են համարում նաև մարկշեյդերները, պայթեցնողները, հանքահորերի աշխատողները, և բոլոր այն մարդիկ, ովքեր զբաղվում են օգտակար հանածոների հայտնագործմամբ և արդյունահանմամբ, որոնց աշխատանքը կապված է բնական հարստությունների համար բնության հետ պայքարի դժվարին աշխատանքի հետ:

Երկրի Օրվա պատմությունը սկսվել է 1840թ., երբ Ջ. Սթերլինգ Մորթոնը իր ընտանիքով տեղափոխվեց Նեբրասկա նահանգի տարածք: Միայնակ ծառերով անծայրածիր պրերիաները, քամին և արևը, որոնցից հնարավոր չէր թաքնվելու, չորացած հողը հանգեցրին Մորթոնին կանաչապատման մտքին: Նա առաջարկեց կանաչապատմանը նվիրված օր սահմանել և մրցանակներ հանձնել ամենաշատ ծառ տնկած մարդկանց: 1882թ-ից ապրիլի 22-ը հայտարարվեց կանաչապատման պաշտոնական տոն: 1970թ-ից ՚‹‹Երկրի Օր›› տոնակատարության ժամանակ մեծ ուշադրություն է դարձվում շրջակա միջավայրի պահպանությանը, էկոկրթությանը և էկոլուսավորությանը:

Չվող թռչունների համաշխարհային օրը իրազեկման ամենամյա միջոցառումների շարք է, որը կարևորում է չվող թռչունների և նրանց կացության վայրերի պահպանման անհրաժեշտությունը: Այս օրը գլոբալ տարածում ունի և արդյունավետ գործիք է հանդիսանում, քանի որ օգնում է բարձրացնել չվող թռչուններին սպառնացող վտանգների, նրանց էկոլոգիական նշանակության և նրանց պաշտպանության համար միջազգային համագործակցության անհրաժեշտության մասին գլոբալ իրազեկությունը: Օրը նշվում է տարին երկու անգամ՝ մայիսին և հոկտեմբերին։

Մայիսի 15-ին աշխարհը նշում է Կլիմայի միջազգային օրը:
Կլիմայի պահպանումը մարդկության առաջ կանգնած գլոբալ խնդիրներից մեկն է:
Կլիմայի փոփոխությունը, գլոբալ տաքացումը ուղեկցվում են բնական աղետներով, մարդկային և բնակավայրային կորուստներով, բերքատվության անկմամբ, սակավաջրությամբ, հիվանդացությունների աճով: Հայաստանն անմասն չէ կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունից:
2000 թ․ դեկտեմբերի 20-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան մայիսի 22-ը՝ Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի ընդունման օրը, հռչակեց Կենսաբազմազանության միջազգային օր։ Վերջին հարյուրամյակում էկոհամակարգերի կործանումն արագացել է, ինչի հետևանքով աճում է բուսական և կենդանական աշխարհի աղքատացման վտանգը։ Գիտնականների գնահատմամբ՝ Երկրի վրա կարող է գոյություն ունենալ ավելի քան 5 միլիոն տեսակ, սակայն դրանցից շատերը դեռևս նկարագրված չեն։ Տեսակների անհետացման տեմպերը մտահոգիչ են. կանխատեսվում է, որ տրոպիկական անտառների ոչնչացման հետևանքով կարող է անհետանալ բոլոր տեսակների 15–20%-ը։ Ներկայումս բույսերի և կենդանիների շուրջ 22 հազար տեսակ գտնվում է անհետացման վտանգի տակ։
1972թ. ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեան հունիսի 5-ը հայտարարեց Շրջակա միջավայրի համաշխարհային օր, որն էլ դարձավ միջազգային բնապահպանական օրացույցի կարևոր տոներից, որն ամեն տարի նշվում է ավելի քան հարյուր երկրներում: Նույն տարում տարբեր պետությունների ղեկավարների Ստոկհոլմյան կոնֆերենցիան ստեղծեց հատուկ կազմակերպություն` շրջակա միջավայրի պահպանման ՄԱԿ ծրագիրը /UNEP/: Մարդկային քաղաքակրթության ժամանակակից տեխնիկական զարգացումը ներկա դրությամբ հանգեցրել է շրջակա միջաավայրի զգալի աղտոտվածությանը: Մարդու ամենօրյա տնտեսական և զիվորական գործունեության արդյունքում` վթարները արդյունաբերական օբյեկտներում և զենքերի փորձարկումները բնական միջավայրին վնաս են հասցնում: Շրջակա միջավայր թափանցող շատ միացություններ չեն հանդիպում բնության մեջ, դրանք մարդու կողմից արհեստականորեն սինթեզված են:
https://www.unccd.int

1994թ. հունիսի 17-ին ընդունվել է ՄԱԿ-ի Անապատացման դեմ պայքարի կոնվենցիան, և այդ օրվա հիշատակին հունիսի 17-ը հռչակվել Անապատացման և երաշտի դեմ պայքարի համաշխարհային օր։
Օրվա նպատակն է բարձրացնել իրազեկվածությունը հողերի դեգրադացիայի և անապատացման խնդիրների վերաբերյալ, որոնք սպառնում են սննդային անվտանգությանը և էկոհամակարգերի կայունությանը, ինչպես նաև խթանել միջազգային համագործակցությունը հողերի վերականգնման և երաշտի հետևանքների մեղմման ուղղությամբ։

Հուլիսի 3-ն առանց պլաստիկ տոպրակների միջազգային օրն է, ինչը լավ հնարավորություն է հասարակությանը մեկ անգամ ևս իրազեկելու, որ աշխարհն առանց պլաստիկի ԻՐԱՏԵՍԱԿԱՆ է և գոյություն ունեն բանական այլընտրանքային լուծումներ մեկանգամյա պլաստիկ տոպրակներին։ Շրջակա միջավայր նետված պոլիէթիլենային տոպրակները երկար ժամանակ պահպանվում են և չեն ենթարկվում կենսաբանական քայքայման, որի հետևանքով էլ առաջացնում են կայուն աղտոտվածություն։ Դրանք կուտակվում են ջրում, մնում ցամաքում, ու անդառնալի վնաս հասցնում թե՛ մեր շրջակա միջավայրին՝ կենդանական ու բուսական աշխարհին, թե՛ մարդու առողջությանը: Նույնիսկ աղբավայրերում դրանք շարունակում են վնաս պատճառել շրջակա միջավայրին՝ արևի ազդեցությամբ և ինքնայրման հետևանքով արտազատելով քաղցկեղածին գազեր:
2007 թվականից սկսած հուլիսի 31-ը նշվում է որպես Անտառապահների համաշխարհային օր: Այն հռչակվել է Միջազգային ռեյնջերների ֆեդերացիայի (IRF) կողմից՝ նշելու անտառապահների ներդրումը բնության պահպանման գործում։ Անտառապահների կողմից իրականացվող կարևոր աշխատանքի շնորհիվ մարդիկ կարողանում են վայելել մաքուր օդը, թարմ ջուրը և առողջ մոլորակը:

1999 թվականից սկսած ամեն տարի օգոստոսի վերջին կիրակին նշվում է որպես Սևանա լճի օր: Սևանն աշխարհում ամենամեծ բարձրլեռնային քաղցրահամ լիճերից է: Սևանա լիճն ունի եզակի էկոհամակարգ և կարևոր ռազմավարական նշանակություն ոչ միայն Հայաստանի, այլև տարածաշրջանի համար: Սևանա լճի օրը ևս մեկ առիթ է անդրադառնալու լճի խնդիրներին, դրանց լուծման ուղիներին։ Սևանի էկոհամակարգի պահպանությանն ուղղված միջոցառումների իրականացման գործում կարևոր է հասարակության իրազեկվածության բարձրացումը, քանի որ հասարակությունն իր վարքով պատասխանատու է Սևանի մաքրության և պահպանության համար։
https://protectedareas.am/

2019 թվականի դեկտեմբերի 19-ին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի կողմից սեպտեմբերի 7-ը նշվում է որպես «Մաքուր օդի միջազգային օր»։
Օդի աղտոտվածությունը սահմաններ չի ճանաչում: Մենք բոլորս կիսում և շնչում ենք նույն օդը, ըստ այդմ բոլորս պարտավոր ենք պահպանել մթնոլորտը և ապահովել մաքուր օդ բոլորի համար:
Օդի աղտոտվածությունն ուղղակիորեն ազդում է մարդու առողջության և էկոհամակարգերի վրա:
Օրվա խորհուրդն է երկրների ուշադրությունը սևեռել օդի աղտոտվածության խնդրին, իրազեկել հասարակությանը՝ օդի հնարավոր աղտոտումներից խուսափելու համար և միանալ՝ հանուն մաքուր օդի:

2021թ. սեպտեմբերի 2-ին Կառավարության նիստում ընդունվեց «Հայաստանի Հանրապետությունում բնության հատուկ պահպանվող տարածքների օրը նշելու մասին» Կառավարության որոշումը:
Հայաստանում առկա բնության հատուկ պահպանվող տարածքները ներառում են 3 պետական արգելոց («Խոսրովի անտառ», «Շիկահող» և «Էրեբունի»), զբաղեցնում են 35 439.6 հեկտար տարածք կամ Հայաստանի ընդհանուր տարածքի 1.19 %-ը, 4 ազգային պարկ («Սևան», «Դիլիջան», «Արփի լիճ» և «Արևիք»), զբաղեցնում են 236 802.1 հեկտար տարածք կամ Հայաստանի ընդհանուր տարածքի 7.96 %-ը, ինչպես նաև 232 բնության հուշարձան և 27 պետական արգելավայրեր, որոնք զբաղեցնում են 114 812.7 հեկտար տարածք կամ Հայաստանի ընդհանուր տարածքի 3.95 %-ը:

1994թ. ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեան հայտարարեց սեպտեմբերի 16-ը օզոնային շերտի պահպանության միջազգային օր: Այս օրն ընտրվել է ի պատիվ Մոնրեալի օզոնի շերտը քայքայող նյութերի մասին արձանագրության ստորագրման: Օզոնային շերտի պահպանության խնդիրը, որը պահպանում է Երկրի կենդանի օրգանիզմները ուլտրամանուշակագույն ճառագայթների կործանիչ ազդեցությունից, համարվում է առաջնային բոլոր երկրների համար: Այս խնդրով մտահոգված են գիտնականներ, բնապահպաններ, արդյունաբերողները: Մասնագետները տեղեկացնում են մեր մոլորակի վերնոլորտում օզոնային շերտի քայքայման խնդրի մասին: Անգլիացի մասնագետների տվյալների համաձայն այդ գործընթացը անմիջականորեն կապված է արդյունաբերությունում և կենցաղում քլոր պարունակող քիմիական նյութերի օգտագործման հետ: Այս նյութերը լայն տարածում են գտել գյուղատնտեսությունում և ժողովրդական տնտեսության շատ այլ բնագավառներում: Ինչպես հայտարարում են գիտնականները սրանց արտանետումները օզոնային շերտի քայքայման հիմնական պատճառներն են և վնասակար են ոչ միայն մարդու առողջության, այլև Երկրի վրա բոլոր կենդանի օրգանիզմների համար: Միջազգային խմբակցության ջանքերը օզոնային շերտի պահպանության գործում ուղղված են նրա վերականգնմանը, ուլտրամանուշակագույն բիոլոգիական ակտիվ ճառագայթման ինտենսիվության նվազեցմանը: Դրա արդյունքը կլինի մարդու առողջության համար վնասակար հետևանքների նվազեցումը /աչքի վնասվելու վտանգ, իմունային համակարգի վատթարացում և մաշկի քաղծկեղի զարգացում, ինչպես նաև կենդանիների, բուսականության, միկրոօրգանիզմների, նյութերի վիճակի և օդի որակի/: Վերնոլորտի օզոնային շերտի պահպանությունը միջազգային կարևոր խնդիրներց է, որն ամրագրված է ‹‹Օզոնային շերտի պահպանության›› Վիեննային կոնվենցիայում և որն իրականացվել է օզոնային շերտը քայքայող Մոնրեալի արձանագրությունում: Արձանագրությամբ որոշվել է միջոցներ ձեռնարկել և կրճատել, իսկ հետագայում ընդհանրապես դադարեցնել օզոնի շերտը քայքայող նյութերի արդյունահանումը և օգտագործումը:

Այն սահմանվել է 2003 թվականին Ամերիկայի Մաքուր ջրի հիմնադրամի (ACWF) կողմից `որպես համաշխարհային կրթական իրազեկման ծրագիր: Ծրագիրը հետագայում անվանվել է «Ջրի մոնիթորինգի համաշխարհային մարտահրավեր», որն ուղղված է մոլորակի ջրային ռեսուրսների խնդիրների մասին հասարակության տեղեկացվածության բարձրացմանը և աղտոտումից պաշտպանելուն: Ծրագիրը հնարավորություն է տալիս մարդկանց ինքնուրույն իրականացնել տեղական ջրային ռեսուրսների վիճակի մասին բազային մոնիթորինգ՝ կատարել նմուշառում տարբեր ջրային ռեսուրսներից, գնահատել դրա որակը և հասկանալ դրա անվտանգության աստիճանը:

Հոկտեմեբերի 4-ին ողջ աշխարհում նշում են կենդանիների Համաշխարհային օրը: 1226թ. այս օրն է մահացել սուրբ Ֆրանցիսկ Ասսիզսկին` ՚‹‹մեր փոքր եղբայրների ` գազանների և թռչունների›› հովանավորն ու պաշտպանը:
Նրա սրտացավ վերաբերմունքը բոլոր կենդանի արարածների նկատմամբ, նրանց ցավը սեփական ցավից ավելի սուր զգալու նրա ունակությունը, նրան դասել են սրբերի շարքին, որին երկրպագում են ողջ աշխարհում: Սուրբ Ֆրանցիսկի անվան մրցանակը հանձնվում է բնության պահպանության բնագավառում մեծագույն արժանիքներ ունենալու համար:
Կենդանիների պաշտպանության Համաշխարհային օրը նշելու որոշումը ընդունվել է 1931թ. Ֆլորենցիայում բնության պահպանության կողմնակիցների Միջազգային կոնգրեսի ժամանակ: Այդ օրը շատ երկրների կենդանիների պաշտպանության կազմակերպություններ իրենց պատրաստակամությունը հայտնեցին ամեն տարի նշելու այդ օրը և կազմակերպելու բազմազան զանգվածային միջոցառումներ`ուղղված մարդկանց մոտ յուրաքանչյուր կենդանի արարածի նկատմամբ պատասխանատվության զգացողության դաստիարակմանը:

Հոկտեմբերի 14-ը բնական աղետների վտանգի նվազեցման միջազգային օրն է:
Այն առաջին անգամ նշվել է ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 1989թ. դեկտեմբերի 22 բանաձևի համաձայն` բնական աղետների վտանգների նվազեցման Միջազգային տասնամյակի շրջանակներում: 1999թ. Գլխավոր Ասամբլեան որոշեց ամեն տարի հոկտեմբերի երկրորդ չորեքշաբթին նշել որպես միջազգային տոն, որը կհանդիսանա միջոց նպաստելու բնական աղետների վտանգների նվազեցման գլոբալ մշակույթի ձևավորմանը և կնպաստի բնական աղետների կանխարգելմանը և նրանց հետևանքների նվազեցումը, ինչպես նաև այդ երևույթներին պատրաստ լինելուն:

Կարևորելով էներգիայի և ռեսուրսների խնայողության մշակույթի տարածումը հասարակության ներսում, SPARE-ԷՌՕԴԾ («Էներգիայի և ռեսուրսների օգտագործման դպրոցական ծրագիր») միջազգային կրթական նախագիծը 2008 թվականին նոյեմբերի 11-ը հայտարարել է «էներգախնայողության միջազգային օր»: Ամեն տարի, այյդ օրը, աշխարհի շուրջ 20 երկրներում նշում են էներգախնայողության տոնը, կազմակերպում են ասուլիսներ ԶԼՄ-ների համար, ֆլեշ-մոբեր, բարեգործական համերգներ, ժողովներ, ցուցահանդես-մրցույթներ և այլ ակցիաներ: Էներգախնայողությունը` ապրելակերպ է, ինչը էապես կարող է նպաստել և′ մեր շրջակա միջավայրի, և′ ամբողջ մոլորակի բնապահպանական խնդիրների լուծմանը:

Լեռների միջազգային օրը ընդգծում է լեռնային էկոհամակարգերի կարևորությունը և դրանց նշանակությունը մարդկության համար: Լեռների միջազգային օրն հռչակվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից, որը նվիրված էր Լեռների միջազգային տարվա արդյունքներին։ Նշվում է ամեն տարի դեկտեմբերի 11-ին՝ սկսած 2003 թվականից։