Ստանալ մթնոլորտ արտանետման թույլտվություն

ՀՀ-ում մթնոլորտ արտանետման թույլտվություն ստանալու համար անհրաժեշտ է կազմել սահմանային թույլատրելի արտանետումների նորմատիվների նախագիծ (ՍԹԱ) և ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունից ստանալ համապատասխան թույլտվություն։

Թույլտվություն ստանալու հայտը նախարարություն հնարավոր է ներկայացնել էլեկտրոնային փոստի միջոցով։

Մթնոլորտ արտանետման թույլտվություն ստանալու հայտ ներկայացնելու համար պահանջվող փաստաթղթերը անհրաժեշտ է ուղարկել նշված էլ․ հասցեին՝ minenv@env.am

Պահանջվող փաստաթղթերը

Նշված էլ․ փոստի հասցեին անհրաժեշտ է ուղարկել հետևյալ փաստաթղթերը՝

  • սահմանային թույլատրելի արտանետումների նորմատիվների (ՍԹԱ) նախագիծ,

  • պետական գրանցման վկայականի պատճեն։ 

Ծառայության մատուցումը մերժելու հիմքերը

Հայտը մերժվում է, եթե՝

  • տնտեսվարող սուբյեկտի արտանետումներում առկա մեկ կամ մի քանի նյութերի համար արտանետումները ցրվելու արդյունքում գետնամերձ շերտում  (արտանետում իրականացնող տնտեսվարող սուբյեկտների տարածքի ամենամոտ բնակելի տարածքներում) առաջանում են այնպիսի կոնցենտրացիաներ, որոնք տվյալ տարածքի աղտոտվածության ֆոնային կոնցենտրացիաների հետ համատեղ գերազանցում են ՍԹԿ-ները (սահմանային թույլատրելի կոնցենտրացիա),

  • տնտեսվարող սուբյեկտը ՍԹԱ նախագիծը լրամշակման ստանալուց հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում նախագիծը կրկին չի ներկայացնում,

  • ՍԹԱ նախագիծը չի համապատասխանում շրջակա միջավայրի պահպանության ոլորտը կարգավորող նորմատիվ իրավական ակտերի պահանջներին:

Տրամադրման ժամկետը և կարգը

ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունը ՍԹԱ նախագծի քննության արդյունքում 30 աշխատանքային օրվա ընթացքում կայացնում է հետևյալ որոշումները՝

  • եթե աղտոտող նյութերի արտանետումները ցրվելու արդյունքում գետնամերձ շերտում առաջացնում են այնպիսի կոնցենտրացիաներ, որոնք տվյալ տարածքի աղտոտվածության ֆոնային կոնցենտրացիաների հետ համատեղ չեն գերազանցում առավելագույն միանվագ ՍԹԿ-ները, ապա ՍԹԱ նորմատիվները համարվում են ընդունելի, և անձը ստանում է արտանետման թույլտվություն,

  • եթե արտանետումներում առկա որոշ նյութերի համար ֆոնային աղտոտվածությունը գերազանցում է միջին օրական ՍԹԿ-ն, ապա ՍԹԱ նորմատիվներն ընդունվում են որպես ժամանակավոր, և թույլտվությունը տրվում է 5 տարի ժամկետով։

ՍԹԱ նախագծի ոչ լիարժեք լինելու պարագայում այն 15 աշխատանքային օրվա ընթացքում ուղարկվում է տնտեսվարողին՝ լրամշակման։ Դիմողը պարտավոր է լրամշակել այն 15 աշխատանքային օրվա ընթացքում և կրկին ներկայացնել քննության։