Ստանալ ԵԱՏՄ մաքսային տարածքով սահմանափակ արտահանվող և Կարմիր գրքերում գրանցված վայրի կենդանիներ և բույսեր արտահանելու մեկանգամյա լիցենզիա
Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) մաքսային տարածքով անդամ պետությունների Կարմիր գրքերում ընդգրկված հազվագյուտ և անհետացման եզրին գտնվող վայրի կենդանիներ և բույսեր (որոնց տեղափոխումը սահմանափակ է) արտահանելու համար անհրաժեշտ է ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունից ստանալ համապատասխան լիցենզիա։
Սահմանափակ տեղափոխմամբ կենդանիների, բույսերի և այլ ապրանքների ցանկը սահմանված է ՀՀ կառավարության 2014 թվականի N 1524-Ն որոշմամբ (իրավական ակտը հնարավոր է գտնել arlis.am-ում)։
Հայտը ներկայացվում է էլեկտրոնային եղանակով` ՀՀ արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան էլեկտրոնային հարթակում (www.trade.gov.am) հասանելի «Թույլատվական փաստաթղթեր» (www.sw.gov.am) համակարգի միջոցով։
Պահանջվող փաստաթղթերը
Նշված էլ․ փոստի հասցեին անհրաժեշտ է ուղարկել հետևյալ փաստաթղթերը՝
-
հայտ,
-
վայրի բույսի կամ կենդանու ձեռքբերումը հաստատող փաստաթուղթ (հավաք, մթերում, գնում, որս և այլն),
-
արտաքին առևտրային գործարք իրականացնելու դեպքում՝ արտահանողի և ներմուծողի միջև պայմանագրի (համաձայնագրի) պատճենը, դրանց բացակայության դեպքում՝ կողմերի միջև համագործակցության մտադրության վերաբերյալ որևէ այլ փաստաթղթի պատճենը, իսկ մնացած բոլոր դեպքերում՝ ներմուծող երկրի համաձայնությունը կամ թույլտվությունը (պատճենը),
-
պետական տուրքի վճարման անդորրագրի պատճենը կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կողմից գեներացված անդորրագիրը։
Ծառայության մատուցումը մերժելու հիմքերը
Հայտը մերժվում է, եթե՝
-
չեն ներկայացվել պահանջվող բոլոր փաստաթղթերը կամ տվյալները, ներկայացված փաստաթղթերը թերի են կամ դրանցում առկա են ակնհայտ կեղծ կամ խեղաթյուրված տեղեկություններ,
-
լիցենզիայի տրամադրման համար հիմք ծառայող մեկ կամ մի քանի փաստաթղթերի գործողությունը դադարեցված է կամ կասեցված։
Տրամադրման ժամկետը և կարգը
Լիցենզիան տրամադրվում է հայտը ներկայացնելուց հետո 1 աշխատանքային օրվա ընթացքում։
Փաստաթղթերի ոչ ամբողջական լինելու դեպքում հայտը նախարարության կողմից ուղարկվում է դիմողին՝ լրամշակման։
Մեկանգամյա լիցենզիան տրվում է 1 տարվա գործունեության համար՝ բացառապես այն ապրանքների, որոնց համար սահմանվել են արտահանման (ներմուծման) քվոտաներ (գործում է մինչև այն օրացույցային տարին, որի համար սահմանվել է քվոտան)։