Ստանալ ԵԱՏՄ մաքսային տարածքով սահմանափակ արտահանվող վայրի կենդանիներ և բույսեր (դեղաբուսական հումք) արտահանելու մեկանգամյա լիցենզիա

Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) մաքսային տարածքով վայրի կենդանիներ, բույսեր և դեղաբուսական հումք (որոնց տեղափոխումը սահմանափակ է) արտահանելու համար անհրաժեշտ է ՀՀ  Շրջակա միջավայրի նախարարությունից ստանալ համապատասխան լիցենզիա։

Սահմանափակ տեղափոխմամբ կենդանիների, բույսերի և այլ ապրանքների ցանկը սահմանված է ՀՀ կառավարության 2014 թվականի N 1524-Ն որոշմամբ (իրավական ակտը հնարավոր է գտնել arlis.am-ում)։

Հայտը ներկայացվում է էլեկտրոնային եղանակով` ՀՀ արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան էլեկտրոնային հարթակում (www.trade.gov.am) հասանելի «Թույլատվական փաստաթղթեր» (www.sw.gov.am) համակարգի միջոցով:

Պահանջվող փաստաթղթերը

Նշված էլ․ փոստի հասցեին անհրաժեշտ է ուղարկել հետևյալ փաստաթղթերը՝

  • հայտ,

  • վայրի բույսի կամ կենդանու ձեռքբերումը հաստատող փաստաթուղթ (հավաք, մթերում, գնում, որս և այլն),

  • արտաքին առևտրային գործարք իրականացնելու դեպքում՝ արտահանողի և ներմուծողի միջև պայմանագրի (համաձայնագրի) պատճենը, դրանց բացակայության դեպքում՝ կողմերի միջև համագործակցության մտադրության վերաբերյալ որևէ այլ փաստաթղթի պատճենը, իսկ մնացած բոլոր դեպքերում՝ ներմուծող երկրի համաձայնությունը կամ թույլտվությունը (պատճենը),

  • պետական տուրքի վճարման անդորրագրի պատճենը կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կողմից գեներացված անդորրագիրը։

Ծառայության մատուցումը մերժելու հիմքերը

Հայտը մերժվում է, եթե՝

  • չեն ներկայացվել պահանջվող բոլոր փաստաթղթերը կամ տվյալները, ներկայացված փաստաթղթերը թերի են կամ դրանցում առկա են ակնհայտ կեղծ կամ խեղաթյուրված տեղեկություններ,

  • լիցենզիայի տրամադրման համար հիմք ծառայող մեկ կամ մի քանի փաստաթղթերի գործողությունը դադարեցված է կամ կասեցված։

Տրամադրման ժամկետը և կարգը

Լիցենզիան տրամադրվում է հայտը ներկայացնելուց հետո 1 աշխատանքային օրվա ընթացքում։ 

Փաստաթղթերի ոչ ամբողջական լինելու դեպքում հայտը նախարարության կողմից ուղարկվում է դիմողին՝ լրամշակման։

Մեկանգամյա լիցենզիան տրվում է 1 տարվա գործունեության համար՝ բացառապես այն ապրանքների, որոնց համար սահմանվել են արտահանման (ներմուծման) քվոտաներ (գործում է մինչև այն օրացույցային տարին, որի համար սահմանվել է քվոտան)։