Տիկին Մոնիկ Բարբյուի հրավերով նախարար Համբարձում Մաթևոսյանը մասնակցել է G7-ի շրջակա միջավայրի նախարարների հանդիպմանը
ապրիլի 27, 2026
Ֆրանսիայի Հանրապետության էկոլոգիական անցման, կենսաբազմազանության, կլիմայի և բնության հարցերով միջազգային բանակցությունների նախարար տիկին Մոնիկ Բարբյուի հրավերով Փարիզում նախարար Համբարձում Մաթևոսյանը մասնակցել է «Մեծ յոթնյակի» (G7) շրջակա միջավայրի նախարարների հանդիպմանը։
Տիկին նախարարի հետ Համբարձում Մաթևոսյանն ունեցել է նաև երկկողմ հանդիպում:
Նախարարը շնորհակալություն հայտնեց հրավերի և արդյունավետ համագործակցության համար՝ ընդգծելով Ֆրանսիայի կարևոր դերակատարումը միջազգային բնապահպանական գործընթացներում և Հայաստանի համար նրա ռազմավարական գործընկեր նշանակությունը։
Անդրադարձ է կատարվել G7 օրակարգի առաջնահերթություններին՝ կենսաբազմազանության ֆինանսավորում, անապատացման մարտահրավերներ, ջրային ռեսուրսների կառավարում և աղտոտման դեմ պայքար։
Նախարարը ներկայացրել է նաև Հայաստանի մոտեցումները COP17 համաժողովի կազմակերպման վերաբերյալ՝ կարևորելով գործնական արդյունքներին միտված, ֆինանսավորմամբ ապահովված և հաշվետու գործընթացը։
Նախարարը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ խորացնելու համագործակցությունը Ֆրանսիայի հետ և ապահովելու հաջող և ազդեցիկ COP17 Հայաստանում։