ՀՀ գերբ
Հայաստանի Հանրապետության Շրջակա միջավայրի նախարարություն
Նորություններ
սեպտեմբեր 29, 2026

Տեղի է ունեցել «ԵՄ-ն հանուն Սևանի կենսաբազմազանության պահպանության» ծրագրի ղեկավար կոմիտեի անդրանիկ նիստը։
Նիստի ընթացքում ծրագրի շահագրգիռ կողմերը, այդ թվում՝ Եվրոպական միությունն ու Շրջակա միջավայրի նախարարությունը, պաշտոնապես մեկնարկել են ծրագրի իրականացումը, որը կիրականացվի ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) կողմից։
Նիստին մասնակցել է Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը, ով ընդգծել է, որ ծրագրի նպատակը ոչ միայն Սևանի պահպանությունն է, այլև լճի բնական հավասարակշռության վերականգնումը և այնպիսի կառավարման համակարգի ձևավորումը, որտեղ բնության պահպանությունն ու համայնքների զարգացումը փոխլրացնող ուղղություններ են։
«Սևանի ապագան կախված է նրանից, թե որքան արդյունավետ կկարողանանք այսօր պահպանել նրա կենսաբազմազանությունը, վերականգնել ձկնաշխարհը և հատկապես ապահովել Սևանի ձկնաշխարհի բնական պոպուլյացիաների վերականգնումը»,– նշել է Արամ Մեյմարյանը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են ծրագրի ռազմավարական ուղղություններն ու նախատեսվող գործողությունները, հաստատվել են առաջին տարվա աշխատանքային պլանն ու բյուջեն։ Քննարկումներն ուղղված էին նաև ծրագրի արդյունավետ իրականացման, շահագրգիռ կողմերի համակարգված համագործակցության և ազգային առաջնահերթություններին համապատասխանության ապահովմանը։
«ԵՄ-ն հանուն Սևանի կենսաբազմազանության պահպանության» ծրագիրը նախատեսված է երեք տարվա համար և նպատակ ունի ԵՄ աջակցությամբ նպաստել Սևանա լճի ավազանում կենսաբազմազանության և էկոհամակարգերի պահպանությանն ու վերականգնմանը։