Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է COP17-ի նախապատրաստական աշխատանքներին
հոկտեմբեր 13, 2026
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է «Մերիդիան» էքսպո կենտրոն, որտեղ ավարտական փուլում են առաջիկա օրերին Երևանում անցկացվելիք Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) նախապատրաստական աշխատանքները:
Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է կատարված աշխատանքներին: Նախարար Համբարձում Մաթևոսյանը վարչապետին է ներկայացրել իրականացված աշխատանքները։ Ընդգծվել է, որ բոլոր ուղղություններով աշխատանքներն իրականացվել են՝ ըստ նախատեսված ծրագրի։
Վարչապետը շրջել է համաժողովի նիստերի, պատվիրակությունների աշխատանքի, մամուլի, տեխնիկական սպասարկման և այլ գործառույթների համար նախատեսված տարածքներում, ծանոթացել ենթակառուցվածքային և տեխնիկական հագեցվածությանը, լոգիստիկ հասանելիության ապահովման ուղղությամբ իրականացված աշխատանքներին։
Վարչապետը կարևորել է միջգերատեսչական արդյունավետ համագործակցությամբ COP17-ի բարձր մակարդակով անցկացումը։