Սեպտեմբերի 16-ը Օզոնային շերտի պահպանության համաշխարհային օրն է
սեպտեմբեր 16, 2026
Երևան, Հայաստան, Սեպտեմբեր 2026թ.
Ամեն տարի սեպտեմբերի 16-ին աշխարհում նշվում է Օզոնային շերտի պահպանության համաշխարհային օրը: 2026 թվականը նշանավորվում է նաև «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» Մոնրեալի արձանագրության Կիգալիի փոփոխության ընդունման 10-ամյակով՝ կարևորագույն քայլ, որն ուղղված է հզոր ջերմոցային գազեր հանդիսացող հիդրոֆտորածխածինների (ՀՖԱ) փուլային կրճատմանը և կլիմայի փոփոխության մեղմմանը: Հայաստանը, 2019թ. մարտի 27-ին վավերացնելով Կիգալիի փոփոխությունը, հետևողականորեն իրագործում է իր միջազգային պարտավորությունները Շրջակա միջավայրի նախարարության «Օզոնային շերտի պահպանություն» ծրագրի միջոցով:
Վերջին տարիներին (2016-2026թթ.) Հայաստանում իրականացվել և շարունակվում են հիմնարար աշխատանքներ մի քանի առանցքային ուղղություններով, ինչպիսին է օրենսդրությունը: Կիգալիի ենթատեքստում 2021թ. ապրիլին ուժի մեջ մտավ ՀՖԱ-ների ներմուծման լիցենզավորման համակարգը, որը միջազգային պարտավորությունների մաս է կազմում, իսկ 2024թ. դեկտեմբերին նախատեսված նոր իրավակարգավորումներով արգելվեց մեկանգամյա տարաներով կարգավորվող նյութերի (ՕՔՆ, ՀՖԱ և խառնուրդներ) ներկրումը Հայաստան (ուժի մեջ է 2025թ. հունվարի 1-ից): Քայլեր են ձեռնարկվում ՕՔՆ և ՀՖԱ քվոտավորման համակարգի արդիականացման և անհատական չափաքանակների արդարացի բաշխման մեխանիզմների մշակման ուղղությամբ, ինչպես նաև ոլորտի մասնագետների հավաստագրման ինստիտուտի ներդրման ուղղությամբ, ինչպես նաև Եվրոպական միության և Հայաստանի միջև կնքված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով և դրանից ածանցվող փաստաթղթերից բխող պարտավորությունների ամբողջական կատարման ուղղությամբ:
Կրթության ոլորտում 2019 թ-ից ի վեր. ՄԱԱԶԿ-ի և ԿԳՄՍՆ-ի հետ համագործակցությամբ Երևանի թիվ 2, Արմավիրի, Արարատի և Նոյեմբերյանի (2026 թվականի սեպտեմբերի 1-ից արդեն դուալ համակարգով) պետական տարածաշրջանային քոլեջներում ներդրվել է «Սառնարանային տնտեսություն» մասնագիտությունը: Քոլեջները վերազինվել են ժամանակակից սառնարանային, օդորակման սարքավորումներով, ինչպես նաև սարքավորումների կոմպլեկտներով և մասնագիտական ստանդարտներով, որոնք կրում են շարունակական բնույթ և լրակազմը տրամադրվելու է քոլեջներին 2026-2027 ուսումնական տարվա ընթացքում: Բացի այս, 2019-2021թթ. տեղայնացվել և գործարկվել են ՀՍՏ ԵՆ 378 եվրոպական ստանդարտի բոլոր 4 մասերը, որոնք վերաբերում են անձնակազմի անվտանգությանը, սարքավորումների տեղադրմանը, շահագործմանը և վերանորոգմանը, և համագործակցությամբ ստանդարտացման ազգային մարմնի հետ՝ տրամադրվել են քոլեջներին: Ոլորտի տեխնիկական մասնագետները, քոլեջների դասախոսական կազմը, ինչպես նաև ՊԵԿ մաքսային ծառայողները պարբերաբար վերապատրաստվում են: Մաքսային ծառայությանը և Տնտեսագիտական համալսարանին («Կանաչ մաքսատուն» առարկայի շրջանակում) տրամադրվել են գազաանալիզատորներ՝ համապատասխանաբար ապօրինի ներկրումները կանխելու և դասաժամերին գործնական պարապմունքներ կազմակերպելու համար Օզոնաչափական դիտարկումների և գիտական մշտադիտարկումների շրջանակում առկա է շարունակական գործակցություն «Ամբերդ» օդերևութաբանական կայանի հետ, որտեղ տեղակայված է տարածաշրջանում եզակի «Դոբսոն» սպեկտրոֆոտոմետրը: Սարքավորման գերճշգրտությունն ապահովելու նպատակով այն պարբերաբար ենթարկվում է մասնագիտական չափաբերման (կալիբրովկայի) Գերմանիայում: Սարքն այժմ հերթական անգամ ուղարկվել է Գերմանիա չափաբերման Օզոնային շերտի պահպանության ծրագրի նախաձեռնությամբ: Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ամենօրյա ռեժիմով հրապարակում է Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսի (ՈւՄԻ) կանխատեսումներ՝ բնակչությանը զգուշացնելով հնարավոր վտանգների մասին:
Միջազգային համագործակցության և հանրային իրազեկման շրջանակում Օզոնային շերտի պահպանության Ծրագիրը սերտորեն աշխատում է ՄԱԿ-ի կառույցների (UNIDO, UNDP, UNEP), Սառեցման, օդորակման և ջեռուցման ինժեներական հայկական ասոցիացիայի (ՍՕՋԻ), ՊԵԿ մաքսային ծառայության, Երևանի տնտեսագիտական, պոլիտեխնիակական, Հայաստանի ազգային ագրարային համալսարանների, Հայաստանի Ամերիկյան համալսարանի Յակոբեան բնապահպանական կենտրոնի, ինչպես նաև պետական գերատեսչությունների ու բիզնես հատվածի ներկայացուցիչների հետ:
Իրազեկման արշավների շրջանակներում անցկացվել են բազմաթիվ նախաձեռնություններ, այդ թվում՝ «ԷկՕզոն. սառնարանային թափոնարվեստ» ցուցահանդեսը, դպրոցականների համար ամառային ճամբարներ ու տեսահոլովակների մրցույթներ, մարզային իրազեկման հանդիպումներ: Մանկական հագուստ արտադրողների հետ համագործակցությամբ թողարկվել են պիտակներ՝ ՈւՄ ճառագայթման վտանգների վերաբերյալ ծնողներին տեղեկացնելու նպատակով: Բացի այս, Միջազգային ճանաչման ենթատեքստում դեռևս 2017թ. Հայաստանը Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային ցանցից միակ երկիրն էր, որ արժանացավ «Օզոնային շերտի պահպանության» մրցանակին՝ երիտասարդների հետ կրեատիվ աշխատանքի համար: 2025թ. Երևանը հյուրընկալեց Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային ցանցի երկրների հանդիպումը՝ Մոնրեալի արձանագրության իրականացման լավագույն փորձի փոխանակման շրջանակներում:
Միջազգային գիտական գնահատականները փաստում են, որ Մոնրեալի արձանագրության իրականացումն արդեն իսկ տվել է նշանակալի արդյունքներ, և օզոնային շերտը վերականգնման ճանապարհին է։ Հայաստանը հանձնառու է շարունակել իր ներդրումն ունենալ այս գլոբալ ջանքերում՝ հանուն մարդու առողջության, կլիմայի և ապագա սերունդների համար անվտանգ շրջակա միջավայրի: