ՀՀ գերբ
Հայաստանի Հանրապետության Շրջակա միջավայրի նախարարություն
Նորություններ

«Ռիոյի կոնվենցիաների միջև համադրված գործողությունների խթանումը» խորագրով միջոցառում

նոյեմբեր 16, 2026

COP31-ի շրջանակում նոյեմբերի 14-ին տեղի է ունեցել «Ռիոյի կոնվենցիաների միջև համադրված գործողությունների խթանումը» խորագրով միջոցառումը, որը համատեղ կազմակերպել են Հայաստանի և Մոնղոլիայի կառավարությունները՝ որպես համապատասխանաբար Կենսաբազմազանության մասին և Անապատացման դեմ պայքարի մասին կոնվենցիաների COP17-երի նախագահող երկրներ, Կենսաբազմազանության մասին կոնվենցիան, «BirdLife International» միջազգային կազմակերպությունը և Նիգերիայի բնության պահպանության հիմնադրամը։
Միջոցառման բացման խոսքով հանդես է եկել ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը։
Միջոցառման նպատակն էր ներկայացնել երկու կոնվենցիաների COP17-երի արդյունքները, նպաստել COP31-ի հավակնոտ արդյունքների ապահովմանը և խթանել Ռիոյի երեք կոնվենցիաների միջև համագործակցությունը՝ միջազգային հանձնառությունները կապելով ազգային քաղաքականությունների և տեղական մակարդակում իրականացվող գործողությունների հետ։
Իր ելույթում Արամ Մեյմարյանն անդրադարձել է Հայաստանի՝ որպես Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի COP17-ի նախագահող երկրի փորձին և համաժողովի կարևոր ձեռքբերումներին՝ առանձնահատուկ ընդգծելով մինչև 2030 թվականը կենսաբազմազանության պահպանության գլոբալ նպատակների իրականացմանն ուղղված «Երևանյան ուղու» նշանակությունը։
Նախարարի տեղակալը շեշտել է, որ կլիմայի փոփոխությունը, կենսաբազմազանության կորուստը, հողերի դեգրադացումը և անապատացումը փոխկապակցված մարտահրավերներ են, որոնց հաղթահարման համար անհրաժեշտ են համադրված քաղաքականություններ, ֆինանսավորման արդյունավետ մեխանիզմներ և համակարգված գործողություններ։
Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել Ռիոյի կոնվենցիաների միջև համագործակցության խորացմանը, ազգային և միջազգային գործընկերների դերակատարությանը, ինչպես նաև համատեղ նախաձեռնությունների իրականացման հնարավորություններին։