ՀՀ գերբ
Հայաստանի Հանրապետության Շրջակա միջավայրի նախարարություն
ԻրազեկումՆորություններ

Շրջակա միջավայրի նախարարությունը մասնակցել է «ԲանՈւԳործ» էքսպոյին

սեպտեմբեր 24, 2026

Շրջակա միջավայրի նախարարությունը մասնակցել է «ԲանՈւԳործ․ ԵՊՀ էքսպո-2026» միջոցառմանը
Սեպտեմբերի 23-ին Երևանի պետական համալսարանում մեկնարկել է «ԲանՈւԳործ․ ԵՊՀ էքսպո-2026» լայնամասշտաբ միջոցառումը, որը մեկ հարթակում համախմբել է համալսարանական համայնքի ներկայացուցիչներին, պետական և մասնավոր հատվածի գործընկերներին, գործատուներին, շրջանավարտներին և ուսանողներին։
Նախարարության տաղավարում մասնակիցները հնարավորություն են ունեցել ծանոթանալու նախարարության գործունեության հիմնական ուղղություններին, իրականացվող ծրագրերին և նախաձեռնություններին,  շրջակա միջավայրի ոլորտում մասնագիտական զարգացման և աշխատանքի հնարավորություններին։ 
Միջոցառմանը մասնակցել է նաև ՇՄՆ «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ը՝ ներկայացնելով հիդրոօդերևութաբանական և շրջակա միջավայրի մոնիթորինգի ոլորտներում մասնագիտական զարգացման և աշխատանքի հնարավորությունները։
Տաղավարում ներկայացված էր ՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի 5 մասնաճյուղերում արտադրվող պետական արտադրության միակ սննդամթերքը՝ անտառային մեղրը՝ որպես մարդ-բնություն ներդաշնակ համագործակցության խորհրդանիշ, ինչպես նաև անտառային թեյախոտերը՝ որպես անտառային ռեսուրսների կայուն օգտագործման և անտառի կողմնարդյունքի օրինակ։
Մասնակիցներին ներկայացվել է տեղեկատվություն 2026 թվականի հոկտեմբերի 19-30-ը Երևանում կայանալիք ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) մասին, ինչպես նաև իրազեկվել են 2027 թվականի հունվարի 1-ից միանգամյա օգտագործման պլաստիկի կիրառության սահմանափակման և արգելքի վերաբերյալ։
Միջոցառման ընթացքում մասնակիցների համար կազմակերպվել են բնապահպանական թեմաներով խաղ-վիկտորինաներ և իրազեկման այլ միջոցառումներ։ Ակտիվ մասնակցությունը խրախուսելու նպատակով մասնակիցներին տրամադրվել են նաև էկոպայուսակներ՝ որպես բազմակի օգտագործման պայուսակների կիրառումը խրախուսող և պլաստիկի սպառման նվազեցմանն ուղղված խորհրդանշական նվերներ։