Նորություններ

Շարունակվում են պլաստիկ արտադրանքի օրենսդրական սահմանափակումների վերաբերյալ իրազեկման հանդիպումները

օգոստոսի 11, 2026

Շրջակա միջավայրի նախարարությունում շարունակվում են պլաստիկ արտադրանքի օրենսդրական սահմանափակումների վերաբերյալ իրազեկման և քննարկումների շարքը՝ առանձին շահառու խմբերի ներգրավմամբ։ Հերթական հանդիպումն անցկացվել է պլաստիկ արտադրող կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ։ Քննարկման ընթացքում ներկայացվել են 2027 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտնող՝ պոլիէթիլենային տոպրակների և մեկանգամյա օգտագործման պլաստիկ արտադրանքի սահմանափակումներին վերաբերող օրենսդրական կարգավորումները, դրանց կիրառման շրջանակն ու նախատեսվող պահանջները։ Անդրադարձ է կատարվել նաև շրջակա միջավայրի վրա ազդեցության տեսանկյունից առավել անվտանգ այլընտրանքային ապրանքների կիրառման հնարավորություններին։ Հանդիպումն անցել է հարցուպատասխանի և բաց քննարկման ձևաչափով։ Նախարարության մասնագետները պարզաբանումներ են ներկայացրել տնտեսվարողների կողմից բարձրացված հարցերի վերաբերյալ, լսել ոլորտի ներկայացուցիչների դիտարկումներն ու առաջարկությունները։ Նման հանդիպումների նպատակն է նպաստել օրենսդրական փոփոխությունների արդյունավետ և սահուն կիրարկմանը, բարձրացնել շահառուների իրազեկվածությունը և ձևավորել կառուցողական համագործակցություն պետության ու մասնավոր հատվածի միջև։