ՀՀ գերբ
Հայաստանի Հանրապետության Շրջակա միջավայրի նախարարություն
ԻրազեկումՆորություններ

Շարունակվում են պլաստիկ արտադրանքի սահմանափակումների վերաբերյալ իրազեկման աշխատանքները

սեպտեմբեր 30, 2026

Շրջակա միջավայրի նախարարության նախաձեռնությամբ շարունակվում են աշխատանքային հանդիպումները՝ նվիրված պոլիէթիլենային տոպրակների և մեկանգամյա օգտագործման պլաստիկ արտադրանքի նկատմամբ 2027 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտնող օրենսդրական սահմանափակումներին։
Հանդիպումներն անցկացվում են մարզային և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ՝ հաշվի առնելով վերջիններիս կարևոր վերահսկողական դերակատարումը։
Աշխատանքային քննարկումներ են կազմակերպվել Շիրակի և Կոտայքի մարզպետարաններում։
Քննարկումների ընթացքում ներկայացվել են առևտրի օբյեկտներում պոլիէթիլենային տոպրակների և պարկերի, ինչպես նաև արգելվող պլաստիկ արտադրանքի շրջանառության սահմանափակմանն ուղղված օրենսդրական կարգավորումները։
 Առանձին անդրադարձ է կատարվել նաև տեղական 
ինքնակառավարման մարմինների դերակատարությանը և առաջիկա անելիքներին՝ օրենքի պահանջների պատշաճ իրազեկման և արդյունավետ կիրառման ապահովման համատեքստում։
Նախարարության մասնագետները ներկայացրել են նաև շրջակա միջավայրի վրա նվազ ազդեցություն ունեցող այլընտրանքների կիրառման հնարավորությունները և պատասխանել մասնակիցների հարցերին։ Հանդիպումների շրջանակում համայնքների ներկայացուցիչներին տրամադրվել են բազմակի օգտագործման էկոպայուսակներ։
Նախաձեռնության նպատակն է խրախուսել մեկանգամյա օգտագործման պոլիէթիլենային տոպրակների փոխարինումը բազմակի օգտագործման այլընտրանքներով, ինչպես նաև ձևավորել ավելի պատասխանատու սպառողական վարքագիծ։ 
Միաժամանակ այն միտված է բարձրացնելու շահագրգիռ կողմերի իրազեկվածությունը օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ, ապահովելու դրանց սահուն կիրառումը և ամրապնդելու պետական, տեղական ինքնակառավարման և մասնավոր հատվածների միջև համագործակցությունը։