Շարունակվում են մեկանգամյա օգտագործման պլաստիկի սահմանափակումների վերաբերյալ իրազեկման աշխատանքները
օգոստոսի 26, 2026
Շրջակա միջավայրի նախարարությունը շարունակում է քաղաքացիներին իրազեկել 2027 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտնող պլաստիկ արտադրանքի սահմանափակումների մասին՝ խրախուսելով ավելի պատասխանատու և շրջակա միջավայրին բարենպաստ սպառման վարքագիծ։
Այս անգամ նախաձեռնությունն իրականացվել է «Երևան Սիթի» սուպերմարկետի հետ համագործակցությամբ։ Սուպերմարկետի հաճախորդներին ներկայացվել են նախատեսվող օրենսդրական փոփոխությունները, դրանց ազդեցությունն ու մեկանգամյա օգտագործման պլաստիկի կրճատման անհրաժեշտությունը։
Իրազեկման ակցիան միտված էր ոչ միայն տեղեկացնելու, այլև առօրյա վարքագծի փոփոխությունը խթանելուն․ քաղաքացիներին տրամադրվել են բազմակի օգտագործման կտորե պայուսակներ՝ մեկանգամյա պլաստիկ տոպրակներին փոխարինելու պարզ և գործնական տարբերակով։
Մեկանգամյա օգտագործվող իրի փոխարեն բազմակի օգտագործման ընտրությունը փոքր քայլ է, բայց բազմաթիվ նման քայլերից է ձևավորվում ավելի մաքուր և պատասխանատու միջավայրի մշակույթը։ Բնապահպանական փոփոխությունները սկսվում են հենց առօրյա սովորություններից՝ գնումներ կատարելիս, ընտրություն կատարելիս և սպառելիս։
Շրջակա միջավայրի նախարարությունը կարևորում է մասնավոր հատվածի ներգրավվածությունն այս գործընթացում և շնորհակալություն է հայտնում «Երևան Սիթի» սուպերմարկետին՝ նախաձեռնությանը միանալու և պատասխանատու սպառման գաղափարը քաղաքացիներին հասանելի ու տեսանելի դարձնելու համար։