Նախարարությունը հյուրընկալել է դպրոցի աշակերտներին
հուլիսի 09, 2026
Շրջակա միջավայրի նախարարությունն ուսումնական ծրագրով նախատեսված նախագծային աշխատանքի շրջանակում հյուրընկալել էր «Երևանի Է․ Թելմանի անվան թիվ 13 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի աշակերտներին։
Դպրոցը մասնակցում է «Վիզուալ Հայաստան» զարգացման հիմնադրամի կողմից կազմակերպվող «Սմարթ-էկրաններ՝ աշխարհացույցի դպրոցներին 2026» մրցույթին, որի շրջանակում իրականացվում է «Քարտեզագրելով Հայաստանի բնության ապագան․ ՀՀ բնության հատուկ պահպանվող տարածքները և դրանց դերն ու նշանակությունը կենսաբազմազանության մեջ-Ազգային պատկեր» թեմայով աշխատանքը։
Ծրագիրն իրականացնում են դպրոցի աշակերտները՝ ուսուցիչների աջակցությամբ։ Նախագծի նպատակն է աշակերտների շրջանում բարձրացնել բնապահպանական գիտակցությունը, խթանել հետազոտական մտածողությունը և ձևավորել ակտիվ մասնակցություն շրջակա միջավայրի պահպանության հարցերում։
Հանդիպում-քննարկմանը մասնակցել են նախարարության համապատասխան ստորաբաժանումների մասնագետները, որոնք աշակերտներին ներկայացրել են Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքների՝ ազգային պարկերի, պետական արգելոցների, արգելավայրերի և բնության հուշարձանների դերն ու նշանակությունը, ինչպես նաև անդրադարձել դրանց պահպանության, բնապահպանական կրթության և հանրային իրազեկվածության կարևորությանը։
Նախարարության մասնագետներն աշակերտներին ներկայացրել են Սևանա լճի ձկնաշխարհի վերաբերյալ տեղեկություններ՝ կարևորելով դրանց դերը լճի էկոհամակարգերում և դրանց վերականգնման, վերարտադրության աշխատանքների վերաբերյալ միջոցառումները։
Մասնագետները նշել են, որ Հայաստանը տարածաշրջանի բազմազան բուսական ու կենդանական աշխարհով հարուստ երկիրն է, որի պահպանությունը բոլորիս պատասխանատվությունն է։