Նորություններ

Նախարարի տեղակալ Վահե Դավթյանն ընդունել է Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության ներկայացուցիչներին

մարտի 20, 2026

Նախարարի տեղակալ Վահե Դավթյանն ընդունել է Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն տիկին Կոռնելիա Ռադիկսին և Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության Օդերևութաբանական և սեկտորային ծառայությունների բաժնի Վաղ նախազգուշացման ծառայությունների գիտական աշխատակից պարոն Մաթթյու Քոլին։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են բազմավտանգ վաղ նախազգուշացման համակարգերի զարգացմանն առնչվող հարցեր՝ կարևորելով «Վաղ նախազգուշացում բոլորի համար» գլոբալ նախաձեռնության շրջանակում Հայաստանի հանձնառությունը։ Նշվել է, որ այս ուղղությունը հանդիսանում է ինչպես միջազգային օրակարգի կարևոր բաղադրիչ, այնպես էլ առաջնահերթություն՝ ուղղված բնակչության, համայնքների և ենթակառուցվածքների դիմակայունության բարձրացմանը։
Անդրադարձ է կատարվել ազգային հիդրոօդերևութաբանական համակարգի արդիականացման ընթացքին՝ ընդգծելով Հայհիդրոմետ ծառայության առանցքային դերը։ Կարևորվել են դիտարկման ցանցի ընդլայնումը, կանխատեսման կարողությունների զարգացումը, ժամանակակից տեխնոլոգիաների ներդրումը և կլիմայական ծառայությունների կատարելագործումը։
Կողմերը բարձր են գնահատել World Meteorological Organization-ի կողմից ցուցաբերվող աջակցությունը՝ ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման, տեխնիկական խորհրդատվության և միջազգային համագործակցության ընդլայնման ուղղությամբ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև կլիմայական ֆինանսավորման հնարավորությունները՝ ընդգծելով համագործակցության կարևորությունը միջազգային հիմնադրամների, այդ թվում՝ Green Climate Fund-ի և Adaptation Fund-ի հետ ծրագրերի առաջմղման գործընթացում։
Անդրադարձ է կատարվել նաև COP17-ի շրջանակում համագործակցության հնարավորություններին, մասնավորապես՝ հնարավոր թեմատիկ միջոցառումների կազմակերպմանը, որտեղ կարող են ներկայացվել տարածաշրջանային կլիմայական զեկույցներ և ընդգծվել կլիմայական տվյալների դերը կենսաբազմազանության պահպանության և գիտականորեն հիմնավորված որոշումների կայացման գործընթացում։
Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակել մասնագիտական քննարկումները՝ համագործակցության հետագա խորացման և համատեղ ծրագրերի իրականացման ուղղությունները հստակեցնելու նպատակով։
Նշենք, որ 2026 թվականի մարտի 17-ին Երևանում կայացել էր  «Վաղ նախազգուշացում բոլորի համար» (EW4All) ազգային ճանապարհային քարտեզի վավերացման աշխատաժողովը, իսկ մարտի 18-ին «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի արդիականացմանը նվիրված գործընկերային երկխոսությունը, որին  մասնակցում էին  «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը, նախարարության և այլ գերատեսչությունների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։