Նախարարի տեղակալ Վահե Դավթյանն ընդունել է Կլոդ Գասկոնի գլխավորած պատվիրակությանը
մայիսի 07, 2026
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Վահե Դավթյանն ընդունել է Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի (GEF) գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, տարածաշրջանային առաքելության ղեկավար, կազմակերպության ռազմավարության և գործառնությունների տնօրեն Կլոդ Գասկոնի գլխավորած պատվիրակությանը։
Հանդիպմանը մասնակցել են նաև Շրջակա միջավայրի նախարարության Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրեն Արմեն Եսոյանը և նախարարության մասնագիտական ստորաբաժանումների ղեկավարներ։
Ողջունելով պատվիրակության անդամներին՝ նախարարի տեղակալ Վահե Դավթյանը կարևորել է ԳԷՀ-ի հետ ձևավորված երկարամյա և արդյունավետ համագործակցությունը՝ ընդգծելով, որ այն նշանակալի դեր ունի Հայաստանի բնապահպանական քաղաքականությունների զարգացման, կենսաբազմազանության պահպանության, կլիմայի փոփոխության մեղմման և հարմարվողականության ուղղությամբ իրականացվող ծրագրերում։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում ԳԷՀ-ի աջակցությամբ իրականացվող ծրագրերը՝ ուղղված կլիմայական քաղաքականությունների ամրապնդմանը, էկոհամակարգերի պահպանությանը, հողերի կայուն կառավարմանը և Սևանա լճի ավազանի բնապահպանական խնդիրների լուծմանը։ Անդրադարձ է կատարվել նաև բնապահպանական կառավարման ոլորտում կարողությունների զարգացմանն ու միջազգային համագործակցության ընդլայնման հնարավորություններին։
Կողմերը քննարկել են նաև առաջիկա միջազգային բնապահպանական գործընթացներին և COP17 համաժողովի նախապատրաստական աշխատանքներին առնչվող հարցեր՝ ընդգծելով համագործակցության խորացման և նոր նախաձեռնությունների ձևավորման կարևորությունը։