Նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը մասնակցել է պանելային քննարկմանը
մայիսի 07, 2026
Երևանյան երկխոսության շրջանակում կայացած «Ռիոյի կոնվենցիաների միջև փոխգործակցության ամրապնդում» պանելային քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել կլիմայի փոփոխության, կենսաբազմազանության կորստի և հողերի դեգրադացիայի դեմ պայքարի միջազգային ջանքերի փոխկապակցվածությանը և համադրված քաղաքականությունների անհրաժեշտությանը։
Քննարկմանը մասնակցել են Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը, ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) գլխավոր տնօրենի օգնական և OCB-ի տնօրեն Կավեհ Զահեդին, Environment Group-ի հիմնադիր և գլխավոր գործադիր տնօրեն Էրիկ Գրիգորյանը, ինչպես նաև E+ Energy Transition Institute-ի էներգետիկ անցման դիվանագիտության վերլուծաբան Լուիզա Բրագա Բյանկետը։
Իր ելույթում նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը նշել է, որ Հայաստանը կենսաբազմազանության, կլիմայի փոփոխության և հողերի դեգրադացիայի խնդիրները դիտարկում է որպես փոխկապակցված մարտահրավերներ, որոնք անմիջական ազդեցություն ունեն ջրային ռեսուրսների, էկոհամակարգերի, գյուղատնտեսության և մարդկանց կենսամակարդակի վրա։
Նա ընդգծել է, որ Հայաստանը վերջին տարիներին անցում է կատարել զուգահեռ գործընթացներից դեպի ինտեգրված քաղաքականությունների իրականացում՝ համադրելով ազգային մակարդակով կլիմայական և կենսաբազմազանության ռազմավարական փաստաթղթերը։
Արամ Մեյմարյանը նաև կարևորել է ամբողջ կառավարության մակարդակով համակարգված աշխատանքի անհրաժեշտությունը՝ ընդգծելով, որ բնապահպանական քաղաքականությունները չեն կարող սահմանափակվել միայն ոլորտային գերատեսչություններով և պահանջում են համագործակցություն գյուղատնտեսության, ջրային ռեսուրսների, էներգետիկայի, ֆինանսների, տեղական ինքնակառավարման մարմինների, մասնավոր հատվածի և համայնքների միջև։
Նախարարի տեղակալը հատուկ անդրադարձ է կատարել նաև ֆինանսավորման խնդրին՝ նշելով, որ Ռիոյի երեք կոնվենցիաների շրջանակներում ֆինանսական հոսքերը շարունակում են մնալ մասնատված, մինչդեռ բնահեն լուծումները միաժամանակ նպաստում են կլիմայական հարմարվողականությանը, կենսաբազմազանության պահպանությանը և հողերի վերականգնմանը։
Արամ Մեյմարյանը վերահաստատել է, որ Հայաստանը, որպես Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (CBD COP17) հյուրընկալող երկիր, հանձնառու է առաջ մղել այն մոտեցումը, ըստ որի՝ կլիմայական, կենսաբազմազանության և հողերի կառավարման օրակարգերը պետք է ոչ թե մրցակցեն միմյանց հետ, այլ փոխլրացնեն և ուժեղացնեն մեկը մյուսին։