Նախարար Համբարձում Մաթևոսյանը մասնակցել է բնապահպանական գործողությունների խթանմանն ուղղված քննարկմանը
հունիսի 24, 2026
«Լոնդոնի կլիմայական գործողությունների շաբաթի» շրջանակում նախարար Համբարձում Մաթևոսյանը մասնակցել է Թագավորական բուսաբանական այգիներում (Kew Gardens) կազմակերպված «Բնապահպանական գործողությունների խթանումը Ռիոյի կոնվենցիաների COP-երի միջոցով» բարձր մակարդակի պանելային քննարկմանը, որը համախմբել էր Ռիոյի երեք կոնվենցիաների շրջանակում անցկացվող առաջիկա COP-երի նախագահություններին, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին և բնապահպանական ոլորտի առաջատար գործընկերներին։
Քննարկումը վարում էր ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի գործադիր քարտուղար Աստրիդ Շոմեյքերը։
Քննարկման ընթացքում նախարարը ներկայացրել է Հայաստանի առաջնահերթությունները՝ ուղղված մինչև 2030 թվականը Կունմինգ-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի նպատակների իրականացմանը՝ ընդգծելով կենսաբազմազանության պահպանության, էկոհամակարգերի վերականգնման և բնապահպանական ֆինանսավորման ընդլայնման կարևորությունը։
Նախարարը նշել է, որ Հայաստանում կայանալիք COP17-ը կարևոր հնարավորություն է համախմբելու պետությունների, միջազգային կազմակերպությունների, ֆինանսական կառույցների և մասնավոր հատվածի ջանքերը՝ կենսաբազմազանության գլոբալ օրակարգի իրականացման ուղղությամբ գործնական և չափելի արդյունքներ ապահովելու նպատակով։
Նախարարն անդրադարձել է նաև կլիմայի փոփոխության, կենսաբազմազանության կորստի և հողերի դեգրադացիայի խնդիրների փոխկապակցվածությանը՝ շեշտադրելով Ռիոյի երեք կոնվենցիաների միջև համագործակցության և սիներգիայի խորացման անհրաժեշտությունը։
«Առաջիկա չորս տարիները վճռորոշ են 2030 թվականի նպատակներին հասնելու համար, և հաջողության գրավականը համատեղ գործողությունների, քաղաքական հանձնառության և ֆինանսական ռեսուրսների արդյունավետ մոբիլիզացումն է»,- ընդգծել է նախարարը։