Նախարար Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է Պեդրո Մորենոյի հետ
մայիսի 06, 2026
Նախարար Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի (UNCTAD) գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Պեդրո Մորենոյի հետ։
Հանդիպմանը մասնակցում էր նաև Շվեյցարիայի Համադաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանը։
Հանդիպման ընթացքում քննարկել են առևտրի, տնտեսական զարգացման և կենսաբազմազանության պահպանության փոխկապակցվածությանը վերաբերող հարցեր, ինչպես նաև COP17-ի շրջանակում համագործակցության հնարավորությունները։ Նախարարը կարևորել է տնտեսական զարգացման և շրջակա միջավայրի պահպանության միջև հավասարակշռված քաղաքականությունների իրականացումը՝ ընդգծելով, որ կենսաբազմազանության կորուստը լուրջ ազդեցություն ունի տնտեսական կայունության, մատակարարման շղթաների և առևտրի վրա։ Անդրադարձան նաև բնապահպանական բաղադրիչները առևտրային քաղաքականություններում առավել համակարգված ներառելու անհրաժեշտությանը։ Նախարարը ներկայացրել է COP17-ի առաջնահերթությունները՝ Կունմինգ-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի իրականացման արագացում, կայուն արտադրության և սպառման խթանում, մասնավոր հատվածի ներգրավվածության մեծացում և բնապահպանական ֆինանսավորման նոր մեխանիզմների զարգացում։ Այս համատեքստում ընդգծել է UNCTAD-ի ներգրավվածության կարևորությունը՝ տեխնիկական աջակցության, համատեղ նախաձեռնությունների և քաղաքական առաջարկությունների մշակման ուղղությամբ։ Պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակել աշխատանքային երկխոսությունը, ինչպես նաև դիտարկել COP17-ի շրջանակում համատեղ միջոցառումների և տեխնիկական աջակցության ծրագրերի իրականացման հնարավորությունները։