Միջազգային հանդիպումներՆորություններ

Նախարար Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է Կավեհ Զահեդիի հետ

մայիսի 07, 2026

Երևանյան երկխոսության շրջանակում նախարար Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է նաև Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ/FAO) Կլիմայի փոփոխության, կենսաբազմազանության և շրջակա միջավայրի գրասենյակի տնօրեն Կավեհ Զահեդիի հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստան–ՊԳԿ համագործակցության ընթացիկ օրակարգն ու դրա ընդլայնման հնարավորությունները՝ հատկապես COP17-ի նախապատրաստական գործընթացների համատեքստում։
Նախարարը բարձ է գնահատել ՊԳԿ շարունակական աջակցությունը՝ գյուղատնտեսական արտադրողականության բարձրացման, սննդային անվտանգության ամրապնդման, ինչպես նաև ոլորտային քաղաքական և ինստիտուցիոնալ շրջանակների կատարելագործման ուղղությամբ իրականացվող ծրագրերի շրջանակը։
Նախարարն անդրադարձել է նաև գյուղատնտեսության և կենսաբազմազանության միջև առկա սերտ փոխկապակցվածությանը՝ կարևորելով բնական ռեսուրսների կայուն կառավարման և էկոհամակարգերի պահպանության նշանակությունը։
Նախարարը նշել է, որ վերջերս ստորագրվել է «Աջակցություն Հայաստանում անտառների ազգային մոնիթորինգի և գնահատման համակարգի ստեղծմանը» ծրագրի պայմանագիրը, որը կարևոր քայլ է անտառային ռեսուրսների արդյունավետ կառավարման և տվյալահեն քաղաքականությունների մշակման ուղղությամբ։
Նախարարը վերահաստատել է, որ առաջիկա COP17 համաժողովը լավ հնարավորություն է՝ համատեղ ձևավորելու գործնական և արդյունքահեն նախաձեռնություններ՝ ուղղված կենսաբազմազանության պահպանության և կլիմայական մարտահրավերների հաղթահարման նպատակներին։ 
Նախարարը կարծիք է հայտնել, որ COP17-ը կարևոր հարթակ կլինի միջազգային գործընկերների հետ համագործակցությունն առավել գործնական դարձնելու և կենսաբազմազանության պահպանության ուղղությամբ նոր նախաձեռնություններ ձևավորելու համար։