Մեր երկրում վերականգնվում է կենսաբազմազանությունը
ապրիլի 07, 2026
Հարգելի՛ քաղաքացիներ, հետևողական և նպատակային աշխատանքի շնորհիվ մեր երկրում աստիճանաբար վերականգնվում է կենսաբազմազանությունը, ինչը կարևոր ձեռքբերում է բնության պահպանության ոլորտում։ Սա նաև նշանակում է, որ դուք ավելի հաճախ կարող եք հանդիպել վայրի կենդանիների՝ ինչպես անտառային գոտիներում, այնպես էլ դրանց հարակից տարածքներում։
Վերջին օրերին համացանցում պարբերաբար տարածվում են լուսանկարներ և տեսանյութեր, որոնցում արձանագրվում է, որ ազնվացեղ եղջերուները մոտենում են բնակավայրերին՝ երբեմն հայտնվելով նույնիսկ բնակելի հատվածներում։
Կոչ ենք անում ցուցաբերել առավելագույն զգոնություն և պատասխանատվություն՝ նման դեպքերում պահպանելով անվտանգության կանոնները․
- չմոտենալ կենդանիներին և պահպանել անվտանգ հեռավորություն,
- չկերակրել և չփորձել շփվել կամ լուսանկարվել նրանց հետ մոտ տարածությունից,
- խուսափել աղմուկ ստեղծելուց կամ կենդանիներին անհանգստացնելուց,
- կենդանիներին նկատելու դեպքում հնարավորության դեպքում հեռանալ տարածքից՝ չստեղծելով խուճապային իրավիճակ,
- անհրաժեշտության դեպքում տեղեկացնել համապատասխան պատասխանատու մարմիններին։
Վայրի կենդանիները մեր բնական էկոհամակարգերի կարևոր բաղադրիչն են, և նրանց անվտանգ գոյակցությունը մարդու հետ հնարավոր է միայն պատասխանատու վարքագծի պայմաններում։