Մեկնարկել է ջերմոցային գազերի արտանետումների թվային էլեկտրոնային շտեմարանի աշխատանքները
մայիսի 15, 2026
Շրջակա միջավայրի նախարարությունը Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) հետ համատեղ, «Եվրոպան կլիմայի դիմակայունության համար» (EU4ClimateResilience) տարածաշրջանային ծրագրի շրջանակում, 2026 թվականի մայիսի 14-ին կազմակերպել է Չափողականության, հաշվետվայնության և հավաստագրման (ՉՀՀ/MRV) թվային համակարգում ջերմոցային գազերի արտանետումների էլեկտրոնային շտեմարանի գործարկմանը նվիրված աշխատաժողով։
Աշխատաժողովի ընթացքում պաշտոնապես մեկնարկել է ջերմոցային գազերի արտանետումների թվային էլեկտրոնային շտեմարանի աշխատանքը, որտեղ հավաքագրվելու և գրանցվելու են արտանետումների տվյալները՝ ըստ ոլորտների, աղբյուրների և ժամանակահատվածների։ Շտեմարանի ներդրումը նպատակ ունի ապահովել ջերմոցային գազերի գույքագրման և կադաստրի վարման գործընթացների առավել արդյունավետ, համակարգված և թվայնացված իրականացում։
Միջոցառմանը մասնակցել են պետական գերատեսչությունների, միջազգային կազմակերպությունների և զարգացման գործընկերների ներկայացուցիչներ։
Աշխատաժողովին նախորդել է մայիսի 11-12-ը կազմակերպված երկօրյա դասընթացը, որի ընթացքում շահագրգիռ գերատեսչությունների աշխատակիցները ծանոթացել են համակարգի տեխնիկական հնարավորություններին և գործնականում կիրառել տվյալների ներբեռնման գործընթացը։
Մայիսի 13-ին, ԵՄ էներգետիկ համայնքի քարտուղարության ներկայացուցիչների ներգրավմամբ, անցկացվել է նաև մեկօրյա համապարփակ աշխատաժողով՝ նվիրված ՉՀՀ համակարգի կայացման կարևորությանը։ Քննարկվել են փաստահեն կլիմայական քաղաքականության մշակման, Փարիզի համաձայնագրից և Հայաստանի կողմից ստանձնած միջազգային պարտավորություններից բխող պահանջների կատարման, ինչպես նաև կայացած ՉՀՀ համակարգի առկայության պայմաններում կլիմայական ֆինանսների հասանելիության ընդլայնման հնարավորությունները։
«EU4ClimateResilience» տարածաշրջանային ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության և Գերմանիայի շրջակա միջավայրի, կլիմայական գործողությունների, բնության պահպանության և միջուկային անվտանգության դաշնային նախարարության կողմից։