ԻրազեկումՆորություններ

Մեկնարկել է COP17-ի համաժողովի լրատվամիջոցների հավատարմագրումը

օգոստոսի 05, 2026

Մեկնարկել է 2026 թվականի ՄԱԿ-ի COP17 Armenia -ի համաժողովի Կապույտ գոտում լրատվամիջոցների հավատարմագրումը:
ՄԱԿ Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի քարտուղարությունը սկսել է ընդունել 2026 թվականի հոկտեմբերին Երևանում կայանալիք COP17 Armenia  համաժողովի Կապույտ գոտու միջոցառումների լուսաբանման նպատակով լրատվամիջոցների ներկայացուցիչների հավատարմագրման հայտերը։
Համաժողովը, որը ներառում է Կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը (COP17), ինչպես նաև Կենսաբանական անվտանգության մասին Կարթագենայի արձանագրության կողմերի 12-րդ և Գենետիկական ռեսուրսների հասանելիության ու դրանց օգտագործումից ստացվող օգուտների արդար և հավասար բաշխման մասին Նագոյայի արձանագրության կողմերի 6-րդ հանդիպումները, կանցկացվի 2026 թվականի հոկտեմբերի 19–30-ը՝ Երևանում։
- Լրագրողները պետք է առցանց գրանցվեն և ներկայացնեն հավատարմագրման հայտը մինչև 2026 թվականի սեպտեմբերի 15-ը։ Համաժողովի անցկացման վայրում հավատարմագրում չի իրականացվելու։
Համաժողովի տարածք և լրատվամիջոցների համար նախատեսված աշխատանքային գոտիներ մուտք գործելու հնարավորություն կունենան միայն այն լրագրողները, որոնք ամբողջությամբ ավարտել են հավատարմագրման գործընթացը և ստացել Կոնվենցիայի քարտուղարության հաստատումը։

  • Անկախ լրագրողները պետք է ներկայացնեն խմբագրության կամ լրատվամիջոցի կողմից տրված գործող հանձնարարական նամակ։ Միաժամանակ երկու կարգավիճակով, օրինակ՝ որպես լրագրող և պատվիրակ, հավատարմագրում չի թույլատրվում։
  • Հավատարմագրված լրագրողները հնարավորություն կունենան օգտվելու համաժողովի ընթացքում լրատվամիջոցների համար նախատեսված ենթակառուցվածքներից, ինչպես նաև մասնակցելու մամուլի ասուլիսներին և ճեպազրույցներին։
  • Բացման մամուլի ասուլիսը կանցկացվի հիբրիդային ձևաչափով։ Առցանց մասնակցության գրանցման և կազմակերպչական մանրամասների վերաբերյալ տեղեկատվությունը կհրապարակվի համաժողովի մեկնարկին ընդառաջ։
  • Հավատարմագրման մանրամասներին ծանոթանալու և առցանց գրանցվելու համար՝
    https://www.cbd.int/participation/2026/media/checklist
  •  Լրատվամիջոցների հետ կապերի պատասխանատու՝
    Լիս Մուլին Բերնհարդտ՝ Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի քարտուղարության հաղորդակցության և իրազեկման բաժնի ղեկավար՝ MEA-CBD-Media@un.org