Նորություններ

Մարտի 22-ը Ջրի համաշխարհային օրն է

մարտի 22, 2026

Ամբողջ աշխարհում նշվում է Ջրի համաշխարհային օրը, իսկ  Հայաստանում մենք նշում ենք նաև Ջրաբանի օրը։
Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանի ուղերձը օրվա առթիվ։

Հարգելի գործընկերներ,
Այսօր ամբողջ աշխարհում նշվում է Ջրի համաշխարհային օրը, իսկ  Հայաստանում մենք նշում ենք նաև Ջրաբանի օրը։
 Այս օրը ևս մեկ կարևոր առիթ է ընդգծելու ջրային ռեսուրսների պահպանության, խնայող և պատասխանատու օգտագործման անհրաժեշտությունը, ինչպես նաև միասին անդրադառնալու այս ոլորտում առկա մարտահրավերներին։
Կլիմայական փոփոխությունների պայմաններում ջրային ռեսուրսների կառավարումը ձեռք է բերում առանձնահատուկ նշանակություն։ Այս իրողությունը հաշվի առնելով՝ ոլորտում մեր քաղաքականությունն ու կայացվող բոլոր որոշումները միտված են ջրային պաշարների պահպանմանը, արդյունավետ և հավասարակշռված օգտագործմանը։
Այս համատեքստում կարևոր քայլեր են իրականացվել հատկապես Արարատյան դաշտում ստորերկրյա ջրերի պահպանման ուղղությամբ։ 2025 թվականի դեկտեմբերին սահմանվել է վերականգնվող ստորերկրյա ջրային ռեսուրսների ծավալը՝ տարեկան 926 մլն խմ՝ նախկին 1.1 մլրդ խմ-ի փոխարեն։ Նշված ջրաքանակը բաշխվել է ըստ առաջնահերթ օգտագործման ուղղությունների՝ ապահովելով խմելու-կենցաղային և գյուղատնտեսական կարիքների գերակայությունը։
Միաժամանակ, ձկնաբուծության ոլորտում տրված ջրօգտագործման թույլտվությունների շրջանակում նախատեսվում է ջրառի էական կրճատում, որի արդյունքում առաջիկա մեկուկես տարվա ընթացքում ստորերկրյա ջրերի օգտագործումը կնվազի շուրջ 36.5 տոկոսով։
Կարևոր նշանակություն ունեն նաև ջրի որակի պահպանմանն ուղղված քայլերը։ Սահմանվել են արտադրական կեղտաջրերի նախնական մաքրման պահանջներ, և 2026 թվականի հուլիսի 1-ից չի թույլատրվի առանց համապատասխան մաքրման կեղտաջրերի արտանետումը կենտրոնացված ջրահեռացման համակարգեր։
Բացի այդ, հաստատվել է ջրային ռեսուրսների հուների մաքրման կարգը՝ կենցաղային աղբից, ջրաբերուկներից և բնական հոսքը խոչընդոտող այլ օբյեկտներից, որի իրականացումն արդեն համակարգվում է նախարարության կողմից։
Օրենսդրական կարգավորումների արդյունքում խստացվել է նաև պետական արգելոցների տարածքներում ջրօգտագործման մոտեցումը. թույլտվությունները կտրամադրվեն բացառապես կենսական անհրաժեշտության դեպքում՝ խմելու-կենցաղային կամ ոռոգման նպատակներով և միայն այն դեպքում, երբ այլընտրանքային ջրային աղբյուրներ առկա չեն։
2025 թվականի ընթացքում Արարատյան դաշտում լուծարվել է 8 և կոնսերվացվել 25 խորքային հոր՝ ապահովելով տարեկան շուրջ 34.5 մլն խմ ջրախնայողություն, ինչը վերջին հինգ տարվա ընթացքում ամենաբարձր ցուցանիշն է։ Արդյունքում արդեն իսկ արձանագրվում է դրական ազդեցություն Արարատյան արտեզյան ավազանի վերականգնման գործընթացում։
Սիրելի՛ քաղաքացիներ,
Ջրի պահպանումը միայն պետական քաղաքականություն չէ. այն յուրաքանչյուրիս պատասխանատվությունն է։ Միայն համատեղ ջանքերով կարող ենք ապահովել մեր ջրային ռեսուրսների պահպանությունն ու փոխանցումը ապագա սերունդներին։
Լուսանկարները՝ Հայկ Բարսեղյանի