ՀՀ պատվիրակությունն աշխատանքային այցով Շվեդիայի Թագավորությունում էր
հունիսի 29, 2026
«Հայաստանում թափոնների կառավարման քաղաքականություն» (WPA) ծրագրի շրջանակում Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը, որի կազմում էին Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը, ՀՀ Ազգային ժողովի Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանը, ՀՀ Ազգային ժողովի Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը, Շրջակա միջավայրի նախարարության և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, աշխատանքային այցով գտնվել են Շվեդիայի Թագավորությունում։
Այցի նպատակն էր Հայաստանի Հանրապետության պետական կառույցների և ոլորտային կազմակերպությունների ներկայացուցիչներին հնարավորություն ընձեռել տեղում ուսումնասիրելու Շվեդիայում ներդրված արտադրողի ընդլայնված պատասխանատվության (ԱԸՊ) համակարգերը, թափոնների կառավարման ժամանակակից և արդյունավետ մոդելները, ինչպես նաև շրջանաձև տնտեսության սկզբունքների գործնական կիրառման փորձը։
Այցի շրջանակում Արա Մկրտչյանը հանդիպումներ է ունեցել Շվեդիայի Արտաքին գործերի նախարարության ղեկավար կազմի և Շվեդիայի միջազգային զարգացման համագործակցության գործակալության (Sida) ներկայացուցիչների հետ։
Հանդիպումների ընթացքում քննարկվել են արտադրողի ընդլայնված պատասխանատվության համակարգի ներդրման և զարգացմանն առնչվող առանցքային հարցերը՝ մասնավորապես շահագործումից դուրս եկած տրանսպորտային միջոցների, անվադողերի, էլեկտրական և էլեկտրոնային սարքավորումների, մարտկոցների, ինչպես նաև փաթեթավորման թափոնների կառավարման ոլորտներում կիրառվող իրավական, ինստիտուցիոնալ և ֆինանսական մեխանիզմները։ Անդրադարձ է կատարվել նաև ոլորտի պետական կարգավորման, վերահսկողության, պատասխանատվության բաշխման և մասնավոր հատվածի ներգրավման արդյունավետ միջազգային փորձին։
Հանդիպումների արդյունքում Արա Մկրտչյանը գործընկերների հետ ձեռք է բերել պայմանավորվածություններ՝ շարունակելու մասնագիտական համագործակցությունը, ապահովելու շվեդական առաջավոր փորձի և մեթոդաբանությունների փոխանցումը, ինչպես նաև աջակցելու Հայաստանում արտադրողի ընդլայնված պատասխանատվության համակարգի ներդրման և ոլորտային բարեփոխումների իրականացման գործընթացին՝ հաշվի առնելով ազգային օրենսդրության և տեղական առանձնահատկությունների պահանջները։
Պատվիրակությունն այցելել է նաև Շվեդիայի Սյոդերթելյե քաղաքում գործող Tveta թափոնների կառավարման համալիր, որտեղ ծանոթացել է համայնքային թափոնների կառավարման ամբողջական համակարգին՝ թափոնների առաջացումից, հավաքումից և տեսակավորումից մինչև վերամշակում, էներգետիկ օգտագործում և ծառայությունների ֆինանսավորման մեխանիզմներ։ Ներկայացվել են տարբեր թափոնահոսքերի՝ կենցաղային թափոնների, փաթեթավորման, էլեկտրական և էլեկտրոնային սարքավորումների, մարտկոցների, անվադողերի և տեքստիլի կառավարման առանձնահատկությունները։
Քննարկումների առանցքում են եղել համայնքային թափոնների կառավարման համակարգերի և արտադրողի ընդլայնված պատասխանատվության մեխանիզմների արդյունավետ փոխգործակցությունը, պետական և մասնավոր հատվածների դերերի հստակ տարանջատումը, ինչպես նաև կառավարման կայուն և ֆինանսապես կենսունակ մոդելների ձևավորման նախադրյալները։
Քառօրյա աշխատանքային ծրագրի ընթացքում պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել նաև Շվեդիայի բնապահպանական գործակալության, արտադրողի ընդլայնված պատասխանատվության կազմակերպությունների, ոլորտային ասոցիացիաների և թափոնների կառավարման այլ մասնագիտացված կառույցների ներկայացուցիչների հետ։