Նորություններ

Հավանության է արժանացել Նագոյայի արձանագրության վավերացման նախագիծը

մարտի 25, 2026

Ազգային ժողովն այսօր 94 կողմ, 2 ձեռնպահ ձայներով կողմ քվեարկեց «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիային կից «Գենետիկական պաշարների հասանելիության եւ դրանց օգտագործումից ստացվող օգուտների արդար ու հավասար հիմունքներով համօգտագործման մասին» Նագոյայի արձանագրությունը վավերացնելու մասին» օրենքի նախագծին։
Արձանագրությունը միտված է գենետիկական պաշարների օգտագործումից ստացվող օգուտների արդար եւ հավասար բաշխման ապահովմանը, ինչը կարեւոր նշանակություն ունի մեր երկրի բնական ռեսուրսների պատասխանատու կառավարման համար։
2026 թվականին Երեւանը կհյուրընկալի կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը (COP17) եւ երկու տարի ժամկետով կստանձնի կոնվենցիայի շրջանակում ընթացող գործընթացների նախագահությունը։ Արձանագրության վավերացումից հետո COP17-ի շրջանակում նախատեսում ենք անցկացնել նաեւ Նագոյայի արձանագրության կողմերի հանդիպումը։
Նախարար Համբարձում Մաթևոսյանը վստահեցրեց, որ արձանագրության վավերացումը կնպաստի Հայաստանի դիրքերի ամրապնդմանը բնական պաշարների կառավարման ոլորտում, միջազգային համագործակցության ակտիվացմանը եւ նոր ներդրումների ներգրավմանը։