Հավանության է արժանացել COP17-ի կազմակերպմանն ուղղված հերթական նախագիծը
օգոստոսի 13, 2026
Այսօր Կառավարության նիստում հավանության արժանացավ ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի՝ COP17-ի կազմակերպմանն ուղղված հերթական նախագիծը․ COP17-ի կազմակերպման համար Կառավարության պահուստային ֆոնդից հատկացվել է լրացուցիչ 2 640 797.5 հազար դրամ։
Նախարար Մաթևոսյանն անդրադարձավ Հայաստանի համար համաժողովի կարևությանը։
COP17-ին մնացել է շուրջ երկու ամիս, և մենք շարունակում ենք ինտենսիվ աշխատանքը՝ Հայաստանում համաշխարհային բնապահպանական օրակարգի այս կարևորագույն իրադարձությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար։
2026 թվականի հոկտեմբերին Հայաստանը կհյուրընկալի Կոնվենցիայի 196 կողմերի ներկայացուցիչների և տասնյակ հազարավոր մասնակիցների ամբողջ աշխարհից։ Համաժողովին կնախորդի նաև Առաջնորդների գագաթնաժողովը՝ պետությունների, կառավարությունների և միջազգային կառույցների ղեկավարների բարձր մակարդակի մասնակցությամբ, որի շրջանակում նախատեսվում է ընդունել «Երևանի հռչակագիրը՝ Երկրի վրա կյանքի պահպանման համար»։
COP17-ը կարևոր հանգրվան է նաև միջազգային բնապահպանական օրակարգի համար․ հենց Հայաստանում է իրականացվելու Կունմինգ–Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի իրականացման առաջընթացի առաջին համաշխարհային գնահատումը։
Հայաստանի համար COP17-ը բացառիկ հնարավորություն է՝ ամրապնդելու մեր երկրի դերակատարումը միջազգային բնապահպանական գործընթացներում և աշխարհին ներկայացնելու Հայաստանի բնապահպանական օրակարգն ու հարուստ կենսաբազմազանությունը։
Արձագանքելով՝ Նիկոլ Փաշինյանը կարևորել է COP17-ը պատշաճ մակարդակով անցկացնելը և ընդգծել, որ այն լավ հնարավորություն է Հայաստանի միջազգային տեսանելիությունը և ճանաչելիությունն ավելի բարձրացնելու առումով։ Ըստ վարչապետի՝ սպասվում է, որ միջոցառմանը ներկա կլինի 10000-15000 մասնակից. «Սա նշանակում է, որ նաև տուրիզմի շատ մեծ ներհոսք է լինելու։ Սա նաև լավ հնարավորություն է մեր մասնավոր հատվածի համար. նախ՝ ծառայություններ մատուցել և հետո՝ իրենց մատուցած ծառայությունները գովազդել, որովհետև մեկ անգամ Հայաստան եկած մարդիկ անպայման ուրիշներին էլ խորհուրդ են տալիս գալ և իրենք էլ են վերադառնում»։
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ կազմակերպչական աշխատանքները պետական բյուջեից ֆինանսավորելով՝ Կառավարությունը մեծ ներդրում է արել «Մերիդիան» կենտրոնում։ «Այդ ներդրումների դիմաց մենք նաև ձեռքբերում ենք ունեցել։ Մասնավորապես՝ այս որոշումների արդյունքում առաջիկա 8 տարվա ընթացքում 400 օր այդ ձևավորված ենթակառուցվածքը Կառավարությունն իր հայեցողությամբ կարող է օգտագործել։ Նախ ես ուզում եմ ասել, որ սա շատ կարևոր նախագիծ է, որովհետև մենք այս ներդրմամբ ֆունդամենտալ լուծում ենք այն հարցը, որ ցանկացած մասշտաբի միջոցառում Հայաստանի Հանրապետությունը կարող է հյուրընկալել»,-նշել է երկրի ղեկավարը՝ կարևորելով ժամանակակից, միջազգային ստանդարտներին համապատասխանող ֆիզիկական ենթակառուցվածք ունենալը։
Վարչապետն անդրադարձել է նաև դրա շրջանակում Երևանի այդ հատվածում վերջին շրջանում կատարված աշխատանքներին. «Ներդրումների արդյունքում նոր շունչ է ստանում այդ հատվածը։ Այս աշխատանքների ընթացքում հայտնաբերեցինք, որ Երևանի «Հաղթանակ» կամուրջն Արշակունյաց պողոտային միացնող ճանապարհ կա, որը չի գործում երկար տարիներ։ Այս աշխատանքի ընթացքում նաև Երևանը նոր փողոց կունենա, և ես առաջարկել եմ, որ Երևանի քաղաքապետարանի մեր գործընկերներն այդ փողոցն անվանեն COP17-ի փողոց՝ որպես նաև այդ համաշխարհային միջոցառման նշանավորում»: