Հանրապետության 5 խոշոր ջրամբարներում լցվածությունը գրեթե 100 տոկոս է
հունիսի 15, 2026
Ազգային ժողովի տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում՝ «ՀՀ 2025 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումների ժամանակ նախարար Համբարձում Մաթևոսյանը անդրադարձել է նաև հանրապետության ջրային պաշարների և ջրամբարների լցվածության ընթացիկ վիճակի մասին։
Այս տարի նախորդ տարվա համեմատ հանրապետության 5 խոշոր ջրամբարներում գրեթե 100 տոկոս լցվածություն ունենք։
Ախուրյանի, Ազատի, Մարմարիկի և Ապարանի ջրամբարներում լցվածությունը հասնում է 100 տոկոսի, իսկ Արփի լճում՝ 91 տոկոսի։
Նախարարը հավելել է նաև, որ նախորդ տարվա համեմատությամբ Սևանա լճում այս պահին ունենք բացասական 6 սանտիմետր տարբերություն, թեև լճի մակարդակը բավական արագ տեմպերով է աճել։ Վերջին 10 տարվա ընթացքում, 2017 թվականից ի վեր, Սևանա լճում նման արագ տեմպերով մակարդակի աճ չենք ունեցել։ Հետևաբար, ուսումնասիրելով այս տվյալները, կարող ենք պնդել, որ մինչև այս ամսվա վերջ Սևանա լճի մակարդակն արդեն կհասնի նախորդ տարվա ցուցանիշին։