Նորություններ

Հանդիպում դիվանագիտական առաքելությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ

ապրիլի 01, 2026

Այսօր Արտաքին գործերի նախարարությունում Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը հանդիպում է ունեցել  ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝ ներկայացնելու  COP17 համաժողովի նախապատրաստական աշխատանքների առաջընթացը։
Սա նման ձևաչափով արդեն երկրորդ հանդիպումն էր, ինչը հնարավորություն է տալիս շարունակել բաց, ներառական և արդյունավետ երկխոսությունը գործընկերների հետ։
Նախարար Մաթևոսյանը ներկայացրել է մինչ այս կատարված աշխատանքները և առաջիկա քայլերը՝ ընդգծելով, որ Հայաստանը լիարժեք հանձնառու է համաժողովի կազմակերպման գործընթացը վարել թափանցիկության, համապարփակ մասնակցության և բարձր հավակնության սկզբունքներով։ Նախարարության նպատակն է COP17-ը դարձնել շրջադարձային փուլ՝ կենսաբազմազանության պահպանության և կայուն զարգացման գլոբալ օրակարգում։
Այս համատեքստում նախարար Մաթևոսյանն անդրադարձել է նաև միջազգային և օրենսդրական վերջին զարգացումներին, այդ թվում՝ Մոնրեալում անցկացված հանդիպումների արդյունքներին և Նագոյայի արձանագրության վավերացմանը, որոնք կարևոր հիմք են ստեղծում համաժողովի հաջող անցկացման համար։
Հանդիպման  ընթացքում  Ատաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը խոսել է առաջիկա COP17-ին նախորդող Առաջնորդների գագաթնաժողովի դերի մասին՝ որպես բարձր մակարդակով քաղաքական հանձնառության ամրապնդման հարթակի։
Հանդիպման ընթացքում մանրամասն ներկայացվել է նաև COP17-ի նախապատրաստական աշխատանքները,  ինչպես նաև ցուցադրվել համաժողովի տարբերանշանին նվիրված հոլովակը։
Հանդիպումն ամփոփվել է հարցուպատասխանով։
COP17-ը Երևանում պետք է դառնա այն հարթակը, որտեղ կամրապնդվի անցումը պարտավորություններից դեպի իրական գործողություններ՝ հանուն բնության պահպանության։ Հայաստանը պատրաստ է սերտ համագործակցել բոլոր գործընկերների հետ՝ ապահովելու համար, որ համաժողովի արդյունքները լինեն շոշափելի և արդյունավետ։