Համբարձում Մաթևոսյանն ընտրվել է COP17-ի նախագահ
հոկտեմբեր 19, 2026
Երևանում պաշտոնապես մեկնարկել են ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի՝ COP17-ի աշխատանքները։
Այսօր համաժողովի բացման լիագումար նիստում Համբարձում Մաթևոսյանն ընտրվել է COP17-ի նախագահ՝ ստանձնելով միջազգային հանրության համատեղ աշխատանքն առաջնորդելու մեծ պատիվն ու պատասխանատվությունը։
Նախարարը շնորհակալություն է հայտնել Կոնվենցիայի կողմերին՝ Հայաստանի և իր նկատմամբ ցուցաբերած վստահության համար՝ ընդգծելով, որ այս պատասխանատվությունը ստանձնում է բոլոր կողմերին անաչառ ծառայելու, յուրաքանչյուրի ձայնը լսելի դարձնելու և համատեղ ջանքերը շոշափելի արդյունքների վերածելու հանձնառությամբ։
Բացման ելույթում նախարարը նշել է, որ Երևանը բացառիկ հնարավորություն ունի գնահատելու կենսաբազմազանության պահպանության ուղղությամբ արձանագրված առաջընթացը և համաձայնեցնելու հետագա կոնկրետ քայլերը։ Մինչև 2030 թվականը սահմանված նպատակներին հասնելու համար անհրաժեշտ է արագացնել աշխատանքը՝ ստանձնած հանձնառությունները վերածելով իրական փոփոխությունների։
Հայաստանի նախագահությունը գործելու է բաց երկխոսության, ներառականության և փոխադարձ հարգանքի սկզբունքներով։ Առաջնահերթ խնդիրն է կամրջել տարաձայնությունները, ձևավորել համաձայնություն և ապահովել բոլորի մասնակցությունը՝ կառավարություններից մինչև երիտասարդներ, գիտական հանրությունից մինչև մասնավոր հատված։
Նախարարը նշել է, որ Երևանը պետք է դառնա այն հանգրվանը, որտեղ ընդհանուր հանձնառությունները վերածվում են համատեղ գործողությունների՝ հանուն բնության, ներկա և գալիք սերունդների։