Համբարձում Մաթևոսյանը Օսլոյում հանդիպում ունեցավ Մարիտ Քրիստինե Վեայի հետ
ապրիլի 14, 2026
Նորվեգիայի Թագավորություն կատարած աշխատանքային այցի շրջանակում նախարար Համբարձում Մաթևոսյանը Օսլոյում հանդիպում ունեցավ քաղաքապետարանի Շրջակա միջավայրի և տրանսպորտի հարցերով փոխքաղաքապետ Մարիտ Քրիստինե Վեայի հետ, որին հաջորդեց ոլորտային շրջայցը։ Շրջայցին մասնակցում էր նաև Նորվեգիայի Թագավորության կլիմայի և շրջակա միջավայրի նախարար Անդրեաս Բյելանդ Էրիկսենը։
Հանդիպման ընթացքում նախարարը բարձր է գնահատել Օսլոյի առաջնորդող դերը կլիմայի փոփոխության մեղմման և հարմարվողականության, ինչպես նաև կայուն քաղաքային զարգացման ուղղությամբ։
Շրջայցի ընթացքում հայաստանյան պատվիրակությունը ծանոթացել է քաղաքային միջավայրում կիրառվող բնահեն լուծումներին (Nature-based Solutions), մասնավորապես՝ ջրային ռեսուրսների կառավարման ժամանակակից մոտեցումներին։ Ներկայացվել են քաղաքի միջով հոսող գետերի վերականգնման և ինտեգրման ծրագրերը, ջրերի արդյունավետ կառավարման մեխանիզմները, ինչպես նաև կենսաբազմազանության պահպանմանն ուղղված նախաձեռնությունները, այդ թվում՝ ձկնանցարանների և էկոհամակարգային հավասարակշռության ապահովման լուծումները։ Այս փորձը կարևոր է՝ հաշվի առնելով Հայաստանի քաղաքներում ջրային ռեսուրսների կառավարման և կլիմայական ռիսկերի նվազեցման առաջնահերթությունները։
Կողմերն անդրադարձել են նաև Օսլոյի հաջողություններին կայուն տրանսպորտի զարգացման և զրոյական արտանետումներով շարժունակության անցման ուղղությամբ, ինչը կարևոր ուղղություն է նաև Երևանի համար։
Քննարկվել են երկկողմ համագործակցության ընդլայնման հնարավորությունները՝ մասնավորապես քաղաքային մակարդակում փորձի փոխանակման, կարողությունների զարգացման և համատեղ փորձնական ծրագրերի իրականացման ուղղությամբ։
Քաղաքները գտնվում են կլիմայական և կենսաբազմազանության պահպանության գործողությունների առաջնագծում։ Օսլոն ցույց է տալիս, թե ինչպես կարելի է գիտությունը, կառավարման արդյունավետ համակարգերը և ֆինանսական գործիքները համադրել՝ իրական ազդեցություն ապահովելու համար։ Հայաստանը պատրաստակամ է զարգացնելու գործընկերությունները, որոնք հնարավորություն կտան հավակնոտ նպատակները վերածել գործնական արդյունքների։
Photo credit: Norwegian Ministry of Climate and Environment.