ՆորություններՊաշտոնական

Համբարձում Մաթևոսյանը ներկայացրել է նախարարության 2025 թվականի բյուջեի կատարողականը

հունիսի 12, 2026

Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանն Ազգային ժողովում ներկայացրել է Շրջակա միջավայրի նախարարության 2025 թվականի բյուջեի կատարողականը՝ ամփոփելով ոլորտում իրականացված հիմնական ծրագրերը, ձեռքբերումներն ու արձանագրված արդյունքները։ 
2025 թվականին նախարարության ճշտված բյուջեն կազմել է 16.2 մլրդ դրամ, իսկ փաստացի ծախսը՝ 13.1 մլրդ դրամ։ Նախորդ տարվա համեմատ նախարարությանը հատկացված միջոցներն ավելացել են 5.1 մլրդ դրամով, իսկ ծախսերը՝ 3.8 մլրդ դրամով։ 
Հաշվետու տարում շարունակվել են կենսաբազմազանության պահպանության, Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, ջրային ռեսուրսների կառավարման, անտառվերականգնման, թափոնների կառավարման, օդի որակի մոնիթորինգի և թվայնացման ուղղությամբ ծրագրերը։ Միաժամանակ ակտիվ աշխատանքներ են իրականացվել միջազգային բնապահպանական համագործակցության շրջանակներում։ 
Նախարարն անդրադարձել է նաև 2026 թվականին Հայաստանում կայանալիք ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի (COP17) նախապատրաստական աշխատանքներին՝ ընդգծելով, որ այն կարևոր հնարավորություն է մեր երկրի համար՝ միջազգային բնապահպանական օրակարգում առավել ակտիվ դերակատարություն ստանձնելու և Հայաստանի դիրքերն ամրապնդելու ուղղությամբ։ 
Հաշվետու տարվա ընթացքում իրականացվել են շուրջ 850 հեկտար անտառվերականգնման և անտառապատման աշխատանքներ, Սևանա լիճ է բաց թողնվել իշխանի շուրջ 837 հազար մանրաձուկ, շարունակվել են Արարատյան դաշտի ջրային ռեսուրսների պահպանման միջոցառումները, ինչպես նաև ընդլայնվել են Էկոպարեկային ծառայության կարողությունները։ 
Ներկայացրել է նաև համայնքներում իրականացված բնապահպանական ծրագրերը, մթնոլորտային օդի որակի ավտոմատ մոնիթորինգի նոր համակարգերի ներդրումը, ինչպես նաև նախարարության ծառայությունների թվայնացման ուղղությամբ կատարված աշխատանքները, որոնց արդյունքում արդեն էլեկտրոնային եղանակով մատուցվում է 24 ծառայություն։ 
Շրջակա միջավայրի նախարարությունը շարունակելու է իրականացնել ոլորտի ռազմավարական առաջնահերթությունները՝ ապահովելով բնական ռեսուրսների պահպանությունը, միջազգային պարտավորությունների կատարումը և քաղաքացիներին մատուցվող ծառայությունների արդյունավետության բարձրացումը։