Նորություններ

Համբարձում Մաթևոսյանը մասնակցում է շրջակա միջավայրի նախարարների հանդիպմանը

ապրիլի 23, 2026

Ֆրանսիայի Հանրապետության էկոլոգիական անցման, կենսաբազմազանության, կլիմայի և բնության հարցերով միջազգային բանակցությունների նախարար Մոնիկ Բարբյուի հրավերով Փարիզում նախարար Համբարձում Մաթևոսյանը մասնակցում է «Մեծ յոթնյակի» (G7) շրջակա միջավայրի նախարարների հանդիպմանը։
Համբարձում Մաթևոսյանը մասնակցել է պատվիրակությունների ընդունելությանը՝ Փարիզի Մարդու թանգարանում (Musée de l’Homme), որտեղ հանդիպումներ է ունեցել Ֆրանսիայի Հանրապետության շրջակա միջավայրի հարցերով հատուկ դեսպան Բարբարա Պոմպիլիի, Կանադայի շրջակա միջավայրի և կլիմայի փոփոխության հարցերով նախարար Ջուլի Ավիվա Դաբրուզինիի, Միավորված ազգերի կազմակերպության Շրջակա միջավայրի ծրագրի (UNEP) արդյունաբերության և տնտեսության բաժնի փոխտնօրեն Սթիվեն Սթոունի, ինչպես նաև տարբեր երկրներից մի շարք այլ բարձրաստիճան գործընկերների հետ։
Քննարկումների ընթացքում անդրադարձ է կատարվել ՄԱԿ Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի համաժողովի (COP17) շրջանակում Հայաստանի Հանրապետության նախագահության առաջնահերթություններին, նախապատրաստական աշխատանքների ընթացքին, ինչպես նաև միջազգային գործընկերների հետ համագործակցության ընդլայնման հնարավորություններին։ 
Կարևորվել է բազմակողմ ձևաչափերում ակտիվ ներգրավվածությունը և համատեղ նախաձեռնությունների առաջմղումը՝ կենսաբազմազանության պահպանության և կլիմայական մարտահրավերների արդյունավետ հաղթահարման նպատակով։
«Որպես առաջիկա համաժողովը հյուրընկալող երկիր՝ Հայաստանը բարձր է գնահատում նման բարձր մակարդակի շփումները, որոնք հնարավորություն են տալիս ամրապնդել գործընկերային կապերը և ձևավորել համախմբված օրակարգ՝ ուղղված գլոբալ բնապահպանական խնդիրների լուծմանը»,-նշել է նախարարը։