ՀՀ գերբ
Հայաստանի Հանրապետության Շրջակա միջավայրի նախարարություն
ՊաշտոնականՄիջազգային հանդիպումներՆորություններ

Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է Ռազան Խալիֆա Ալ Մուբարաքի հետ

սեպտեմբեր 24, 2026

Նախարար Համբարձում Մաթևոսյանը Նյու Յորքում հանդիպել է Բնության պահպանության միջազգային միության (IUCN) նախագահ Ռազան Խալիֆա Ալ Մուբարաքի հետ։
Հայաստանը IUCN-ին որպես պետական անդամ միացել է 2025 թվականին, և մեր նպատակն է անդամակցությունը վերածել երկարաժամկետ ու գործնական գործընկերության։
Հանդիպման կարևոր արդյունքներից էր Հայաստանում մուֆլոնների պահպանության և վերականգնման համատեղ ծրագիր մեկնարկելու վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունը։ 
Քննարկվել է նաև OECM-ների՝ պահպանության այլ արդյունավետ տարածքային միջոցների ընդլայնմանը, էկոհամակարգերի վերականգնմանը, կենսաբազմազանության մոնիթորինգին և բնության ֆինանսավորմանն առնչվող համագործակցության հնարավորությունները։
Անդրադարձ է կատարվել նաև կենսաբազմազանության պահպանության, էկոլոգիական կապակցվածության և տարածաշրջանային համագործակցության ամրապնդման հնարավորություններին։
Հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանի՝ COP17-ի նախագահության շրջանակում IUCN-ի հետ համագործակցությունը՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով Կունմինգ-Մոնրեալի գլոբալ կենսաբազմազանության շրջանակի իրականացմանը և COP17-ում նախատեսվող առաջին գլոբալ վերանայմանը։
Նախարարը կարևորել է, որ IUCN-ի հետ համագործակցությունը պետք է շարունակվի նաև COP17-ից և Հայաստանի նախագահությունից հետո՝ վերածվելով բնության և կենսաբազմազանության պահպանության ոլորտում երկարաժամկետ ռազմավարական գործընկերության։