ՀՀ գերբ
Հայաստանի Հանրապետության Շրջակա միջավայրի նախարարություն
ՆորություններՊաշտոնական

Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է Հուան Ռունչիոուի հետ

սեպտեմբեր 09, 2026

Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը Կունմինգում հանդիպել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության էկոլոգիայի և շրջակա միջավայրի նախարար Հուան Ռունչիոուի հետ։

Հանդիպումն առանձնահատուկ խորհրդանշական նշանակություն ուներ Կունմինգից է սկսվել Կունմինգ-Մոնրեալի «Կենսաբազմազանության գլոբալ շրջանակի» ձևավորման ճանապարհը, իսկ Երևանում՝ COP17-ի շրջանակում, տեղի կունենա դրա իրականացման հավաքական առաջընթացի առաջին գլոբալ վերանայումը։

Նախարար Հուան Ռունչիուի հետ քննարկել են «Կունմինգի երկխոսության» արդյունքները և դրանց ներդրումը COP17-ի գործընթացում, ինչպես նաև Կունմինգից Երևան քաղաքական շարունակականությունն ապահովելու կարևորությունը։

Նախարար Համբարձում Մաթևոսյանն ընդգծել է, որ առաջին գլոբալ վերանայումը պետք է ոչ միայն արձանագրի ձեռքբերումներն ու առկա բացերը, այլև հստակ ազդակ տա՝ մինչև 2030 թվականը գործողություններն արագացնելու և ստանձնած հանձնառությունները չափելի արդյունքների վերածելու համար։

Անդրադարձել են նաև COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերին՝ կենսաբազմազանության ֆինանսավորմանը և իրականացման միջոցներին, մոնիթորինգի ու հաշվետվողականության մեխանիզմներին, էկոհամակարգերի վերականգնմանը, պահպանվող տարածքներին և միջազգային համագործակցության ամրապնդմանը։

Նախարար Համբարձում Մաթևոսյանը բարձր է գնահատել Չինաստանի առաջնորդող դերակատարությունը կենսաբազմազանության գլոբալ օրակարգում և Հուան Ռունչիուի՝ որպես COP15-ի նախագահի անձնական ներդրումը Կունմինգ-Մոնրեալի գլոբալ շրջանակի ընդունման գործում։

Քննարկել են նաև Կունմինգի կենսաբազմազանության հիմնադրամի շրջանակում Հայաստանի Հանրապետության ծրագրերի ֆինանսավորման հարցը։ Նախարար Համբարձում Մաթևոսյանը ներկայացրել է Հայաստանի կողմից մշակված՝ Սևանա լճի և լեռնային ջրային էկոհամակարգերի վերականգնմանն ուղղված ծրագրային առաջարկը։

Համբարձում Մաթևոսյանը Հուան Ռունչիուին հրավիրել է մասնակցելու Երևանում կայանալիք COP17-ին և Բարձր մակարդակի հատվածին՝ ներկայացնելով նաև «Կունմինգի երկխոսության» հիմնական արդյունքներն ու ուղերձները։