Կայացել է «Հայաստանում կանաչ վերականգնման խթանում» ծրագրի մեկնարկային աշխատաժողովը
մարտի 12, 2026
«Հայաստանում կանաչ վերականգնման խթանում՝ անտառային ենթակառուցվածքների զարգացում և գյուղական համայնքների համար կայուն աշխատատեղերի ստեղծում» ծրագրի աշխատաժողովին մասնակցել են Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Վահե Դավթյանը, նախարարության համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներ, մասնագետներ, էկոնոմիկայի նախարարության, միջազգային և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։
«Այս նախագիծը Կանաչ կլիմայի հիմնադրամի կողմից հաստատված առաջին ազգային ծրագիրն է, որն իրականացվելու է մեր երկրի անմիջական ուղիղ հասանելիության շրջանակներում։ Սա կարևոր քայլ է ոչ միայն կլիմայական ֆինանսների ներգրավման, այլև ազգային ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման և միջազգային կլիմայական օրակարգում Հայաստանի դերակատարության ամրապնդման տեսանկյունից»- իր ելույթում նշել է ՇՄՆ կլիմայական քաղաքականության վարչության պետ Նոնա Բուդոյանը։
Ծրագրի նպատակն է նպաստել անտառային ոլորտում ազգային ենթակառուցվածքների զարգացմանը՝ այդ թվում կլիմայի փոփոխության նկատմամբ համայնքների դիմակայունության ապահովման միջոցով:
Ծրագրի կարևոր առանձնահատկություններից մեկն այն է, որ այն առաջին հերթին կենտրոնացած է անտառային ենթակառուցվածքների զարգացման վրա։ Սա նշանակում է ներդրումներ տնկարանային համակարգերի զարգացման, սածիլների արտադրության կարողությունների ընդլայնման, ինչպես նաև անտառների մոնիթորինգի և կառավարման արդիական գործիքների ներդրման ուղղությամբ՝ նպատակ ունենալով ստեղծել կայուն հիմք երկարաժամկետ անտառապատման և անտառվերականգնման գործընթացների համար։
Ծրագրով նախատեսվում է՝
-1300 հա անտառային տարածքների հիմնում և կայուն կառավարում,
-«Հայանտառ» ՊՈԱԿ-ի կազմում 5 ջերմոցների հիմնում,
- Թիրախային մարզերի խոցելի համայնքներում 100 տնամերձ տնկարանների հիմնում,
-«Հայանտառ» ՊՈԱԿ-ի հովանու ներքո «Սերմերի բանկի» հիմնում՝ կլիմայակայուն անտառտնկման նպատակով,
-Համայնքներում ագրոանտառտնտեսական գործունեության նպատակով ցուցադրական 8 տեղամասերի ստեղծում և համայնքային կարողությունների հզորացում,
-Անտառային ներդրումային հարթակի ստեղծում և ներդրումային ուղեցույցների մշակում։
Ծրագիրն իրականացվում է «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի կողմից, իրականացման գործընկեր կառույցներն են «Հայանտառ» ՊՈԱԿ-ը, «Իմ անտառ Հայաստան» բնապահպանական հասարակական կազմակերպությունը, «Էյ-Թի-ՓԻ» բարեգործական հիմնադրամը։