Կայացել է «Հայաստանում անտառների վերականգնում և կլիմայի փոփոխություն» (FORACCA) ծրագրի կառավարման խորհրդի երկրորդ նիստը
ապրիլի 15, 2026
«FORACCA-ն համակարգային արձագանք է, որը համատեղում է միջազգային փորձագիտությունը տեղական կարողությունների ամրապնդման հետ և սերտորեն համապատասխանում է Հայաստանի կլիմայական պարտավորություններին»,- նշել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը։
Հանդիպումը նաև հնարավորություն է տվել քննարկելու ոլորտում առկա մարտահրավերները։ Հողօգտագործման, շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման (ՇՄԱԳ) ընթացակարգերը և հարկման հետ կապված հարցերը շարունակում են խոչընդոտել ծրագրի իրականացմանը։ Գործընկերների կողմից բարձրացվող այս մտահոգություններն ընդգծում են կառույցների միջև համակարգված լուծումների անհրաժեշտությունը։
Նախարարի տեղակալը նշել է, որ խնդիրների լուծման համար անհրաժեշտ են ինչպես համակարգային բարեփոխումներ, այնպես էլ գործնական քայլեր՝ հրատապ խնդիրների լուծման նպատակով։
Ծրագիրն իրականացվում է Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության, ինչպես նաև Հայաստանի անտառային դաշինքի անդամ չորս կազմակերպությունների՝ «Շեն» բարեգործական հասարակական կազմակերպության, «Իմ անտառ Հայաստան» բնապահպանական հասարակական կազմակերպության, «Էյ-Թի-Փի» բարեգործական հիմնադրամի և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի համաֆինանսավորմամբ։
Ծրագրի իրականացման գործընկերներն են նաև Անտառների, ձյան և լանդշաֆտային հետազոտությունների շվեյցարական դաշնային ինստիտուտը և ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը: