Նորություններ

Կայացել է Համբարձում Մաթևոսյանի և Ջուլի Ավիվա Դաբրուզինի հետ նախատեսված հանդիպումը

մարտի 13, 2026

Կանադայում եղանակային անբարենպաստ պայմաններով պայմանավորված՝  նախարար Համբարձում Մաթևոսյանի և Կանադայի շրջակա միջավայրի և կլիմայի փոփոխության հարցերով նախարար Ջուլի Ավիվա Դաբրուզինի հետ նախատեսված հանդիպումը կայացավ առցանց ձևաչափով։
Հանդիպմանը մասնակցել է նաև Կանադայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան տիկին Անահիտ Հարությունյանը։
Հանդիպման ընթացքում անդրադարձել են Մոնրեալում «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի քարտուղարության հետ կայացած հանդիպումներին՝ նվիրված COP17 համաժողովի նախապատրաստական աշխատանքներին և Հայաստանի նախագահության առաջնահերթություններին։
Զրույցի շրջանակում քննարկել են Հայաստանում նախատեսվող COP17 գագաթաժողովի կազմակերպչական և բովանդակային մի շարք հարցեր, ինչպես նաև դրանց իրականացման շրջանակում հնարավոր համագործակցության ձևաչափերը։
Մտքեր  են փոխանակել նաև կենսաբազմազանության պահպանության, բնապահպանական քաղաքականության և գլոբալ բնապահպանական մարտահրավերներին արձագանքելու ուղղությամբ համագործակցության հնարավորությունների վերաբերյալ։
Զրույցի ընթացքում երկուստեք ընդգծվել է COP17-ի հաջող կազմակերպման կարևորությունը՝ որպես կենսաբազմազանության պահպանության գլոբալ օրակարգի առաջմղման կարևոր հարթակի։