Երիտասարդների ներուժը և արդիական մասնագիտությունները
օգոստոսի 10, 2026
Օգոստոսի 12-ին ամբողջ աշխարհում նշվում է Երիտասարդության միջազգային օրը։
Ամեն տարի այս առիթով Շրջակա միջավայրի նախարարության և ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության (UNIDO) կողմից համատեղ իրականացվող «Օզոնային շերտի պահպանություն» ծրագիրը կազմակերպում է օրվա խորհուրդը կրող միջոցառում։
Այս տարի միջոցառման կազմակերպման վայր և գործընկեր է ընտրվել Նոյեմբերյանի պետական քոլեջը՝ հիմք ընդունելով քոլեջում ոլորտային նոր մասնագիտության՝ «Սառնարանային տնտեսություն», ներդրումը և ոլորտի ապագա մասնագետներ կրթելու ուղղությամբ ցուցաբերած նախաձեռնողականությունը։
Միջոցառման նպատակն է ուսանողներին ներկայացնել սառնամատակարարման և օդորակման ոլորտի արդիականությունը, զարգացման հեռանկարներն ու մասնագիտական հնարավորությունները՝ ընդգծելով ոլորտի կարևոր դերը էներգաարդյունավետության բարձրացման, շրջակա միջավայրի պահպանության և տեխնոլոգիական նորարարությունների խթանման գործում։
Սառեցման, օդորակման և ջեռուցման ինժեներական հայկական ասոցիացիայի խորհրդի անդամները ուսանողներին կծանոթացնեն որակյալ սառնարանային տեխնիկների նկատմամբ աճող պահանջարկին, ոլորտում առկա կարիերայի հնարավորություններին և իրենց մասնագիտության նշանակությանը՝ արդյունաբերության ներկա և ապագա կարիքներին արձագանքելու համատեքստում։ Հանդիպումը նպատակ ունի ոգեշնչել ուսանողներին, ամրապնդել նրանց մասնագիտական մոտիվացիան և խրախուսել շարունակական մասնագիտական զարգացումը։
Միջոցառման երկրորդ հատվածում ուսանողները հնարավորություն կունենան թեմատիկ գործնական խաղերի և ցուցադրությունների միջոցով ծանոթանալու ոլորտում կիրառվող սարքավորումներին և գործիքներին, ինչպես նաև ձեռք բերելու նախնական գործնական գիտելիքներ, որոնք օգտակար հիմք կծառայեն գալիք ուսումնական տարվա ընթացքում իրենց մասնագիտական կրթության համար։