Նորություններ

Եվս մեկ կարևոր քայլ դեպի կլիմայական դիմակայունություն

ապրիլի 16, 2026

2026թ. մարտի 26-ին Կանաչ կլիմայի հիմնադրամի (ԿԿՀ) Խորհուրդը հաստատեց Հայաստանի նոր ազգային ծրագիրը՝ «Կլիմայական փոփոխությամբ պայմանավորված բնական վտանգների նկատմամբ ազգային ադապտացիոն կարողությունների զարգացում՝ մոնիթորինգի և վաղ նախազգուշացման համակարգերի հզորացման միջոցով» վերտառությամբ։
Մոտ 10 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ այս նախաձեռնությունը Հայաստանում ԿԿՀ-ի կողմից ֆինանսավորվող հարմարվողականության առաջին ծրագիրն է, որը կիրականացվի ազգային դերակատարների՝ ԲԾԻԳ ՊՀ-ի և «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից՝ ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն  համակարգման ներքո։
Ծրագիրը նպատակ ունի ստեղծել ժամանակակից, մարդակենտրոն բազմավտանգ վաղ նախազգուշացման համակարգ՝
- արդիականացնելով հիդրոօդերևութաբանական դիտարկումները,
- հզորացնելով կանխատեսման և տվյալների համակարգերը,
- բարելավելով նախազգուշացման տարածումը,
- ներդնելով կանխարգելիչ գործողությունների մեխանիզմներ։
Նախաձեռնությունը համահունչ է ՄԱԿ-ի «Վաղ նախազգուշացում բոլորի համար» նախաձեռնության բոլոր նպատակներին և նպաստում է ռեակտիվ արձագանքից դեպի կանխարգելիչ, ռիսկերի վրա հիմնված գործողությունների անցմանը։
ԿԿՀ տարածաշրջանային տնօրեն Թոմաս Էրիկսսոնը ծրագրի հաստատման կապակցությամբ նշել է.
«Քանի որ կլիմայի փոփոխությամբ պայմանավորված վտանգները դառնում են ավելի հաճախակի և ուժգին, մարդակենտրոն վաղ նախազգուշացման համակարգերում ներդրումները երկարաժամկետ կտրվածքով կպաշտպանեն կյանքերը, կենսապահովման միջոցները և ենթակառուցվածքները։ Նախաձեռնությունը նաև արտացոլում է ԿԿՀ-ի հանձնառությունը՝ ուժեղացնելու ազգային դերակատարումը և դառնալու Հայաստանի համար նախընտրելի կլիմայական գործընկեր»։
Սա ևս մեկ կարևոր նվաճում է Հայաստանի կլիմայական ֆինանսավորման ճանապարհին՝ ամրապնդելով համագործակցությունը Կանաչ կլիմայի հիմնադրամի հետ և ապահովելով ազդեցիկ արդյունքներ երկրի համար։