Նորություններ

Գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների (ԳՁՕ) հայտնաբերման և վերահսկման հարցերով ուսումնական այց Վիեննա

մարտի 05, 2026

«ԵՄ-ն հանուն արևելքում կանաչ վերականգնման» (EU4Green Recovery East) ծրագրի շրջանակում Հայաստանի պատվիրակությունը մարտի 11-ից 13-ը կայցելի Վիեննա՝ մասնակցելու գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների (ԳՁՕ) հայտնաբերման և վերահսկման վերաբերյալ տեխնիկական ուսուցման ծրագրին: Պատվիրակության կազմում ընդգրկվել են շրջակա միջավայրի նախարարության, սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի և Երևանի պետական համալսարանի ներկայացուցիչներ: Այցը միտված է նպաստելու Հայաստանի ԳՁՕ-ի օրենսդրության և Օրհուսի կոնվենցիայի ու դրա ԳՁՕ փոփոխության շրջանակներում միջազգային պարտավորությունների կիրարկմանը:
ՀՀ ԳՁՕ օրենքը սահմանում է Կառավարության և լիազոր մարմինների լիազորությունները գյուղատնտեսության, առողջապահության և շրջակա միջավայրի ոլորտներում՝ ներառյալ ներմուծման, արտահանման, փորձարարական օգտագործման և կենսաանվտանգության ընթացակարգերի կարգավորումը: Կարևոր է, որ օրենքը երաշխավորում է յուրաքանչյուրի իրավունքը՝ խնդրելու և ստանալու ԳՁՕ օգտագործման վերաբերյալ ոչ գաղտնի տեղեկատվություն՝ համաձայն «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի և Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորությունների:
Վիեննայում անցկացվող վերապատրաստումը միտված է ամրապնդելու ազգային լաբորատորիաների կարողությունները ԳՁՕ հայտնաբերման, որակի վերահսկման և մոնիթորինգի ոլորտներում: Հուսալի լաբորատոր համակարգերը կարևոր են շրջակա միջավայրի վերաբերյալ ճշգրիտ տեղեկատվություն ստանալու, հանրային տեղեկատվության հարցումներին արձագանքելու և թափանցիկ և ապացուցահեն որոշումների կայացումն ապահովելու համար: 
Տեխնիկական փորձագիտության հզորացման միջոցով նախագիծը անմիջականորեն կարող է նպաստել Օրհուսի կոնվենցիայի տեղեկատվության հասանելիության սկզբունքների արդյունավետ իրականացմանը, բարձրացնել հանրային վստահությունը և աջակցել Հայաստանին կենսաանվտանգության կառավարումը միջազգային չափանիշներին համապատասխան առաջ մղելու գործում։
Այս մասին տեղեկատվություն է հրապարակվել  «ԵՄ-ն հանուն արևելքում կանաչ վերականգնման» ծրագրի պաշտոնական կայքում, որը հասանել է անգլերենով, սույն հղումով