Բրազիլիայում ներկայացվել է Երևանում կայանալիք COP17-ը
հունիսի 18, 2026
Բրազիլի արտաքին գործերի նախարարության Ռիո Բրանկու դիվանագիտական ինստիտուտում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ և Բրազիլի արտաքին գործերի նախարարության հետ համատեղ կազմակերպմամբ անցկացվել է հանդիպում-քննարկում՝ նվիրված 2026 թվականի հոկտեմբերին Երևանում կայանալիք ՄԱԿ Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (COP17)։
Միջոցառման բացմանը ողջույնի խոսքով հանդես են եկել Բրազիլում Հայաստանի Հանրապետության դեսպան Արմեն Եգանյանը և Բրազիլի արտաքին գործերի նախարարության կլիմայի, էներգետիկայի և շրջակա միջավայրի հարցերով քարտուղար, դեսպան Մաուրիսիու Լիրիուն։ Դեսպան Արմեն Եգանյանն իր ելույթում ներկայացրել է COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը և Հայաստանի առաջնահերթությունները կենսաբազմազանության պահպանության ոլորտում՝ առանձնահատուկ ընդգծելով ներառականության և միջազգային համագործակցության կարևորությունը։ Դեսպան Մաուրիսիու Լիրիուն անդրադարձել է կենսաբազմազանության ոլորտում Բրազիլի կողմից իրականացվող քաղաքականություններին և հիմնական առաջնահերթություններին։ Նա նաև ներկայացրել է նախորդ տարի Բելեմ քաղաքում կայացած Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 30-րդ համաժողովի (COP30) արդյունքներն ու գրանցված հաջողությունները։ Միջոցառման ընթացքում ելույթներով հանդես են եկել նաև Բրազիլի շրջակա միջավայրի նախարարության պաշտոնյաները, որոնք ներկայացրել են կենսաբազմազանության պահպանության և կայուն զարգացման ուղղությամբ իրականացվող ծրագրերն ու նախաձեռնությունները։
Միջոցառմանը մասնակցել են ընդհանուր առմամբ Բրազիլիում հավատարմագրված շուրջ 60 օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև Բրազիլի պետական գերատեսչությունների, ակադեմիական շրջանակների անդամներ։