Նորություններ

Ավարտվել է Փարիզում G7-ի շրջակա միջավայրի նախարարների հանդիպումը

ապրիլի 27, 2026

Ավարտվել է նախարար Համբարձում Մաթևոսյանի մասնակցությունը Փարիզում «Մեծ յոթնյակի» (G7) շրջակա միջավայրի նախարարների հանդիպմանը, որը կարևոր հանգրվան էր Հայաստանի միջազգային բնապահպանական ներգրավվածության խորացման տեսանկյունից։ 
Այս ձևաչափում Հայաստանի ներկայությունը ոչ միայն վկայում է մեր երկրի նկատմամբ աճող վստահության մասին, այլև ընդգծում է մեր դերակատարության բարձրացումը գլոբալ բնապահպանական օրակարգում։ 
G7-ը համախմբում է համաշխարհային քաղաքական և տնտեսական գործընթացների առանցքային դերակատարներին, և այս հարթակում մեր մասնակցությունը հնարավորություն է տվել  ներկայացնելու Հայաստանի առաջնահերթությունները և նպաստելու դրանց շուրջ միջազգային քննարկումների ձևավորմանը։
Մեր երկրի մասնակցությունն առանձնահատուկ նշանակություն ուներ նաև այն առումով, որ Հայաստանը հանդիսանում է ՄԱԿ Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի համաժողովի՝ COP17-ի առաջիկա հյուրընկալող երկիր։ Այս հանգամանքը մեր առջև դնում է բարձր պատասխանատվություն՝ ակտիվորեն ներգրավվելու միջազգային գործընթացներում, ամրապնդելու գործընկերային կապերը և ձևավորելու համախմբված մոտեցումներ՝ ուղղված կենսաբազմազանության պահպանությանը և կլիմայական մարտահրավերների հաղթահարմանը։
Հանդիպումների ընթացքում նախարարը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ հանդես գալու որպես նախաձեռնող և վստահելի գործընկեր, ինչպես նաև նա ներկայացրեց մեր առաջնահերթությունները՝ Կունմին-Մոնրեալի գլոբալ կենսաբազմազանության շրջանակի արդյունավետ իրականացման ապահովման և բազմակողմ գործընթացների միջև փոխգործակցության ուժեղացման համատեքստում։
«Համոզված եմ, որ այս հանդիպման շրջանակում ձևավորված համագործակցությունները և ձեռք բերված պայմանավորվածությունները էական ներդրում կունենան ինչպես COP17-ի հաջող կազմակերպման, այնպես էլ դրա արդյունքների երկարաժամկետ ազդեցության ապահովման գործում»,-նշել է նախարարը։