Նորություններ

Ապրիլի 15-ը Բնապահպանական գիտելիքի միջազգային օրն է

ապրիլի 16, 2026

Այս օրը ևս մեկ անգամ հիշեցնում է՝ շրջակա միջավայրի պահպանությունը սկսվում է գիտելիքից։ Բնապահպանական կրթությունը պարզապես տեղեկատվություն չէ․ այն մտածողություն է, արժեքային համակարգ և պատասխանատվություն՝ մեր ներկայի ու ապագայի հանդեպ։ Այս օրվա խորհուրդն է՝ մոտեցնել հասարակության բոլոր շերտերին, հատկապես երեխաներին ու երիտասարդներին, բնության պահպանության գաղափարին, կարևորել գիտելիքի դերը կայուն և անվտանգ ապագայի կերտման գործում, խթանել յուրաքանչյուրի անձնական մասնակցությունն ու պատասխանատվությունը շրջակա միջավայրի պաշտպանության հարցում։ Մենք հավատում ենք, որ բնապահպանական մշակույթ ունեցող հասարակությունն է կայուն զարգացման հիմքը։ Այն հասարակությունը, որտեղ յուրաքանչյուր քաղաքացի գիտակցում է իր դերն ու ազդեցությունը բնության վրա։ Բնությունը մեզ է վստահված։ Իսկ այդ վստահությունը սկսվում է գիտելիքից՝ այն ճանաչելու, սիրելու, պահպանելու և փոխանցելու պատրաստակամությունից։ Շրջակա միջավայրի նախարարությունը շարունակաբար իրականացնում է ծրագրեր և նախաձեռնություններ՝ ուղղված բնապահպանական կրթության զարգացմանը, հանրային իրազեկվածության բարձրացմանը և պատասխանատու վարքագծի խթանմանը։ Գիտելիքը ուժ է։ Իսկ բնապահպանական գիտելիքը՝ ապագայի երաշխիք։