Mini-COP17 խորհրդի երիտասարդները հյուրընկալվել էին նախարարությունում
հոկտեմբեր 05, 2026
Mini-COP17 կենսաբազմազանության խորհրդի երիտասարդները հյուրընկալվեցին Շրջակա միջավայրի նախարարությունում:
«Շրջակա միջավայր և առողջություն» ՀԿ-ն «Վորլդ Վիժն Հայաստան»-ի հետ իրականացնում է «Տեղական գործողություն, գլոբալ ազդեցություն. Վարդենիսում Mini-COP խորհուրդների հզորացում՝ COP17-ին ընդառաջ» նախաձեռնությունը։
Ծրագրի նպատակն է հզորացնել Վարդենիսի երեխաների և երիտասարդների կարողություններն ու գիտելիքները՝ ապահովելով նրանց ակտիվ ու բովանդակալից մասնակցությունը կենսաբազմազանության պահպանման և կլիմայի փոփոխությանն առնչվող գործընթացներին, ինչպես նաև խթանելով երիտասարդների ներգրավումը COP17-ի միջոցառումներին։
Ծրագրի շրջանակում ընտրված Mini-COP17 կենսաբազմազանության խորհրդի երիտասարդներն այսօր այցելեցին Շրջակա միջավայրի նախարարություն, որտեղ նրանց ընդունեց Բնության հատուկ պահպանվող տարածքների և կենսաբազմազանության քաղաքականության վարչության գլխավոր մասնագետ Ալիկ Բադալյանը։
Հանդիպման ընթացքում երիտասարդներին ներկայացվեցին Հայաստանի կենդանական և բուսական աշխարհը, կենսաբազմազանության պահպանության ուղղությամբ իրականացվող աշխատանքները և ոլորտում նախարարության առաջնահերթությունները։
Քննարկվեցին նաև մարդ-վայրի բնություն կոնֆլիկտը, Սևանա լճի պահպանությունը, էկոկրթության դերն ու նշանակությունը, ինչպես նաև COP17-ի նպատակներն ու Հայաստանի կողմից առաջ մղվող բնապահպանական օրակարգը։
Առանձին անդրադարձ կատարվեց շրջակա միջավայրի նախարարության առաջնահերթություններից մեկին՝ պլաստիկի օգտագործման կրճատմանը և թափոնների կառավարման մշակույթի ձևավորմանը։ Երիտասարդներին ներկայացվեց, թե ինչպես կարող են առօրյա վարքագծի փոփոխությամբ և համայնքային նախաձեռնություններով նպաստել շրջակա միջավայրի պահպանությանը։
Նման հանդիպումները հնարավորություն են տալիս երիտասարդներին անմիջականորեն ծանոթանալու բնապահպանական ոլորտում պետական կառույցի գործունեությանը, բարձրաձայնելու իրենց հարցերն ու գաղափարները և ավելի ակտիվ դեր ստանձնելու իրենց համայնքների բնապահպանական խնդիրների լուծման գործում։