«London Climate Action Week»-ի շրջանակում կազմակերպվել է պաշտոնական ընդունելություն
հունիսի 25, 2026
«London Climate Action Week»-ի շրջանակում Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության կողմից պաշտոնական ընդունելություն է կազմակերպվել, որին մասնակցում էին պետական կառույցների, միջազգային կազմակերպությունների, մասնավոր հատվածի, ակադեմիական շրջանակների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ։
Նախարար Համբարձում Մաթևոսյանը հանդես է եկել ողջույնի խոսքով։
Նախարարը նշել է, որ Հայաստանը, որպես Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (CBD COP17) հյուրընկալող երկիր, հանձնառու է ապահովելու ներառական և արդյունքահեն երկխոսություն՝ համախմբելով կառավարություններին, միջազգային կազմակերպություններին, գիտական համայնքին, մասնավոր հատվածին և քաղաքացիական հասարակությանը՝ բնության հետ ներդաշնակ ապագա կառուցելու ընդհանուր տեսլականի շուրջ։
Նախարարն ընդգծել է, որ «London Climate Action Week»-ը COP17-ին ընդառաջ կարևոր հնարավորություն է ամրապնդելու գործընկերային կապերը, փոխանակելու փորձն ու գաղափարները և համատեղ առաջ մղելու կլիմայական և բնապահպանական գլոբալ օրակարգը։
Նախարարը շնորհակալություն է հայտնել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վարուժան Ներսեսյանին, բոլոր գործընկերներին և հյուրերին մասնակցության համար։
Նախարարությունը վերահաստատում է Հայաստանի պատրաստակամությունը շարունակելու ակտիվ միջազգային համագործակցությունը՝ հանուն ավելի դիմակայուն և բնությանը նպաստող ապագայի։