Նորություններ

G7-ի շրջակա միջավայրի նախարարների հանդիպման շրջանակում նախարարը ներկայացրել է Հայաստանի առաջնահերթությունները

ապրիլի 27, 2026

«Մեծ յոթնյակի» (G7) շրջակա միջավայրի նախարարների հանդիպման շրջանակում նախարար Հաբարձում Մաթևոսյանը ներկայացրել է Հայաստանի առաջնահերթությունները՝ որպես COP17-ի նախագահող երկիր:
«Առաջնահերթությունների համադրում՝ խոշոր միջազգային գործընթացների համատեքստում» խորագրով նիստի ընթացքում նախարարը հանդես է եկել ելույթով՝ ներկայացնելով Հայաստանի երեք հիմնական առաջնահերթությունները՝ որպես Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի COP17-ի նախագահող երկիր։
-    Առաջինը՝ Կունմին-Մոնրեալի գլոբալ կենսաբազմազանության շրջանակի իրականացման առաջին համապարփակ վերանայման ապահովումն է՝ շեշտադրելով հաշվետվողականությունը և գործնական առաջընթացը։
- Երկրորդը՝ կենսաբազմազանության ֆինանսավորման ընդլայնումն է՝ մինչև 2030 թվականը տարեկան 30 միլիարդ ԱՄՆ դոլարի մոբիլիզացիայի նպատակով։
- Երրորդը՝ բազմակողմ բնապահպանական գործընթացների միջև համադրության ուժեղացումն է։
Նախարարն ընդգծել է նաև ներառականության կարևորությունը՝ ապահովելով բոլոր շահագրգիռ կողմերի լիարժեք և արդյունավետ ներգրավվածությունը։
Նախարարը նշել է, որ 2026 թվականը վճռորոշ է գլոբալ բնապահպանական օրակարգի համար՝ միավորելով մի շարք կարևոր միջազգային գործընթացներ և ստեղծելով եզակի հնարավորություն՝ անցնելու խոստումներից դեպի գործնական, չափելի արդյունքներ։
Երևանում կայանալիք COP17-ը պետք է դառնա շրջադարձային հարթակ՝ ապահովելով անցում պարտավորություններից դեպի իրական ազդեցություն։
Նախարը շնորհակալություն հայտնեց Ֆրանսիայի կառավարությանը ջերմ հյուրընկալության, ինչպես նաև գործընկերներին՝ արդյունավետ և բովանդակալից քննարկումների համար։ Հայաստանը պատրաստ է համատեղ աշխատանքով կյանքի կոչել այս օրակարգը։