COP17 մեդիա դպրոցի շրջանակում կազմակերպվել է ուսումնական այց
հունիսի 30, 2026
COP17 մեդիա դպրոցի շրջանակում կազմակերպվել է լրագրողների երկօրյա արտագնա ուսումնական այցը Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի (FPWC) Կովկասյան կենսաբազմազանության ապաստարան (Caucasus Wildlife Refuge – CWR)։
Այցի ընթացքում մասնակիցները ծանոթացել են ապաստարանի գործունեությանը, Հայաստանի կենսաբազմազանության պահպանության ուղղությամբ իրականացվող աշխատանքներին, ինչպես նաև քննարկել Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) նախապատրաստական գործընթացի և Հայաստանի նախագահության առաջնահերթություններին առնչվող հարցեր։
Լրագրողները գործնականում ուսումնասիրել են տարածքում կիրառվող բնապահպանական մոնիթորինգի ժամանակակից մեթոդները, այդ թվում՝ ֆոտոթակարդների և հակահրդեհային համակարգերի աշխատանքը։
Այցի շրջանակում մասնակիցները ծանոթացել են նաև անտառվերականգնման աշխատանքներին, ջերմատնային տնտեսությանը, ինչպես նաև մարդ–վայրի բնություն հակամարտության կանխարգելման և մեղմման նպատակով կիրառվող լուծումներին, ներառյալ էլեկտրական հովիվների և վայրի կենդանիների հավելյալ կերակրման համակարգերը։
Դաշտային այցելությունների ընթացքում լրագրողները հնարավորություն են ունեցել բնական միջավայրում դիտարկել բեզոարյան այծերի և մի շարք թռչնատեսակների, ինչը վկայում է տարածքի կենսաբազմազանության պահպանման և էկոհամակարգի առողջացման դրական արդյունքների մասին։
Ծրագրի ավարտին ներկայացվել են FPWC-ի բնապահպանական կրթական և հանրային իրազեկման նախաձեռնությունները, այդ թվում՝ «Սոխակներից վերջինը» վավերագրական ֆիլմը, «Արևորդի» (SunChild) միջազգային բնապահպանական փառատոնը և «Եղեգիս Ֆեստ» միջոցառումը։
COP17 մեդիա դպրոցի նպատակն է նպաստել լրագրողների մասնագիտական կարողությունների զարգացմանը՝ կենսաբազմազանության, բնապահպանական քաղաքականության և COP17-ի թեմաների որակյալ, փաստահեն և խորքային լուսաբանման ուղղությամբ։