G7-ի շրջանակում կայացել է աշխատանքային նիստ անապատացման և ջրային ռեսուրսների մարտահրավերների շուրջ
ապրիլի 27, 2026
«Անապատացման և ջրային ռեսուրսների մարտահրավերները՝ անվտանգության և առողջության համատեքստում» խորագրով աշխատանքային նիստ՝ «Մեծ յոթնյակի» (G7) շրջակա միջավայրի նախարարների հանդիպման շրջանակում:
Աշխատանքային նիստի ընթացքում նախարար Համբարձում Մաթևոսյանը հանդես է եկել ելույթով՝ ընդգծելով, որ անապատացման և անվտանգության միջև կապն այլևս հիպոթետիկ բնույթ չի կրում. այն չափելի է, առարկայական և պահանջում է առավել հրատապ ու համակարգված արձագանք։
Նախարարը նշել է, որ էկոհամակարգերի դեգրադացիան վաղուց դուրս է եկել բացառապես բնապահպանական խնդիր լինելու շրջանակներից՝ վերածվելով տնտեսական կայունության, ֆինանսական դիմակայունության, ինչպես նաև ազգային և տարածաշրջանային անվտանգության ուղղակի սպառնալիքի։ Մասնավորապես, հողերի դեգրադացիան և անապատացումը հանդես են գալիս որպես սպառնալիքների բազմապատկիչներ՝ խորացնելով ջրային ռեսուրսների սակավությունը և նվազեցնելով գյուղատնտեսական արտադրողականությունը։ Այս գործընթացները կարող են հանգեցնել սոցիալական լարվածության աճի, հարկադիր միգրացիայի և որոշ դեպքերում՝ անկայունության ու հակամարտությունների առաջացման։
Նախարարն իր ելույթում ընդգծել է նաև միջազգային համագործակցության խորացման հրամայականը։
2026 թվականը ձևավորում է բացառիկ ռազմավարական հնարավորություն․ հոկտեմբերին կայանալիք COP17 համաժողովը կարևոր քաղաքական ժամանակային պատուհան է՝ անապատացման և անվտանգության փոխկապակցվածության հարցը գլոբալ օրակարգում առավել բարձր մակարդակով առաջ մղելու համար։
Նախարարը շեշտել է, որ անհրաժեշտ է անցում կատարել խնդրի պարզ արձանագրումից դեպի նպատակային և համակարգված համագործակցություն։